211652_close_icon
views-count2490 դիտում article-date 15:10 16-06-2021

Մենք մուրճ օդում չենք թափահարելու, մենք շինարարությունը սիրում ենք և մուրճը կօգտագործենք միայն շինարարական նպատակների համար․ Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Այս իշխանությունը շատ է սիրում ասֆալտից խոսել, սկզբից սկսել է մարդկանց փռելուց, հետո ասֆալտ փռելուց։ Այս մասին Մարալիկում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը, փոխանցում է Tert.am-ը։

«Սրանք ամբողջ իրենց կյանքը, որքան էլ այդ մանի կաշայից, «ավսյանկայից» ուտեն, այդքան ասֆալտ չեն հասցնի անեն, որքան իմ նախագահության տարիներին է արվել»,– ասաց նա՝ ավելացնելով, որ ընդհանրապես ինքը շինարարության հանդեպ թուլություն ունի։

Ռոբերտ Քոչարյանը նաև նշեց, որ այս ընտրությունը ճակատագրական է։ «Սա ընտրություն է արժանապատիվ խաղաղություն ունենալու և ծնկաչոք կյանքը շարունակելու միջև, սա ընտրություն է իրական թռիչքաձև տնտեսական աճ ունենալու և գործազրկության, աղքատության, արտագաղթի աճի միջև»,–ասաց նա և նկատեց, որ արտագաղթի ռեկորդային թվեր ունենք․ մոտ 96 հազար մարդ լքել է երկիրը։

«Մարդկանց հուզում է անորոշությունը, թե ապագան ինչպիսին է լինելու, որևէ ծրագրային լուծումներ չկան, ողջամիտ, հասկանալի չի նկարագրվում, թե երկիրն ուր է գնում։ Մենք մուրճ օդում չենք թափահարելու, մենք շինարարությունը սիրում ենք և մուրճը կօգտագործենք միայն շինարարական նպատակների համար, շենքեր կառուցելու համար։ Մենք հիստերիկ դրսևորումների կարիք չունենք և իմ խորին համոզմունքով՝ հիստերիկությունը թուլության նշան է, մարդ փորձում է ընդհանրապես իր բարդույթները ինչ–որ տեղ կոմպենսացնել, ինչ–որ ճղճղան դրսևորումներով։ Մենք դրա կարիքը չունենք»,– ասաց նա։

Նա նշեց, որ չեն գալիս բաժանելու, այլ գալիս են միավորելու համար։ «Մենք այն ուժն ենք, որն ի վիճակի է փոխել երկրում ամեն ինչ։ Մենք ի վիճակի ենք կառուցել հզոր, զարգացող, արդյունավետ Հայաստան»,– ասաց նա և նշեց, որ այս երեք տարվա մեջ մեր հայրենիքը դարձավ աղետի գոտի։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր