211652_close_icon
views-count1063 դիտում article-date 16:31 20-06-2021

«Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարությունը ընտրությունների ընթացքի վերաբերյալ․ Իրականացվել են ակնհայտ ապօրինի խուզարկություններ եւ ձերբակալություններ, որոնց մեծ մասը դատական ատյանները արդեն չեղարկել են

«Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարությունը ընտրությունների ընթացքի վերաբերյալ «Պատիվ ունեմ» դաշինքը արձանագրում է, որ հատկապես վերջին 48 ժամվա ընթացքում ժամանակավոր իշխանությունները լծվել են առաջատար քաղաքական ուժերի, անվանական՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների եւ աջակիցների դեմ բռնաճնշումներ իրականացնելու անպատվաբեր գործին:

Իրականացվել են ակնհայտ ապօրինի խուզարկություններ եւ ձերբակալություններ, որոնց մեծ մասը դատական ատյանները արդեն չեղարկել են: 

Ժամը 15:45-ի դրությամբ գերացանցապես մարզային ընտրատեղամասերից շարունակում ենք ստանալ բազմաթիվ ահազանգեր` տեղերում պաշտոնատար անձանց կողմից  ուղղորդումների ու ճնշումների վերաբերյալ։

Մեր բոլոր թիմակիցներին ու համակիրներին կոչ ենք անում հետեւել օրենքի տառին ու շարունակել պատվով կատարել իրենց վստահված աշխատանքը: 

Հատկապես ցավով ենք տեղեկանում մեր զինծառայողների՝  շարքայիններից մինչեւ սպայակազմի նկատմամբ կապիտուլյանտ իշխանությունների կողմից կիրառվող կազմակերպված ճնշման համատարած դեպքերի մասին:

Ընտրությունների օրինական ընթացքը խաթարող բոլոր անձինք պետք է չկասկածեն, որ իրենց գործողությունները մանրամասն հետաքննվելու ու պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: 

Հույս ենք հայտնում, որ տարբեր ընտրատեղամասերից ու դիտորդներից ստացվող տեղեկություններն ու փաստերը առ այն, որ «Պատիվ ունեմ» դաշինքի՝ 6-րդ համարի քվեաթերթիկի վրա առկա եւ օրենքով չնախատեսված հետքերը կամ նշումները պատրվակ չեն դառնա այդ քվեները անվավեր ճանաչելու համար։

Ընտրություններից հետո այդ ամենը նույնպես պետք է դառնա քննության առարկա: 

Կոչ ենք անում մեր բոլոր քաղաքացիներին ոչնչից չվախենալ եւ այսօր մինչեւ ժամը 20:00 գնալ ընտրատեղամասեր ու կատարել իրենց ընտրությունը:

Այդ ընտրությունից է կախված Հայաստանի ու Արցախի ինքնիշխանությունը, սահմանների անվտանգությունը, մեր ազգային համերաշխության վերականգնումը եւ ինքնության պահպանումը: 

Միջազգային ու տեղական դիտորդական առաքելությունների ուշադրությունն ենք հրավիրում այս հանգամանքների վրա եւ պատրաստակամ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն:
 

Նմանատիպ նյութեր