211652_close_icon
views-count1105 դիտում article-date 23:28 22-06-2021

Առերևույթ ընտրական հանցագործությունների մասին ստացված 727 հաղորդում, հարուցված 32 քրեական գործ. ամփոփում

2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից ամփոփվել են կայացած ընտրությունների ինչպես նախընտրական շրջանի (ներառյալ մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը), այնպես էլ հունիսի 20-ին կայացած քվեարկության, քվեների հաշվարկի ողջ ընթացքում առերևույթ ընտրական հանցավոր իրավախախտումների, ինչպես նաև բնույթով ընտրական չհանդիսացող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ ստացված հաղորդումների շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները:
Ըստ այդմ՝ հունիսի 22-ի ժամը 10.00-ի տվյալներով ստացվել և ուսումնասիրվել է վերոնշյալ բնույթի ենթադրյալ հանցավոր իրավախախտումների վերաբերյալ 727 հաղորդում և ահազանգ, որոնցից 338-ը՝ մինչև քվեարկության օրը, 389-ը քվեարկության օրը և դրանից հետո ընկած ժամանակահատվածում: Դրանցից՝
  • 221-ը՝ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են,
  • 241-ը՝ ֆիզիկական անձի կողմից, այդ թվում՝ նաև ՀՀ դատախազության թեժ գծի միջոցով ստացված հաղորդումներ,
  • 2-ը՝ Մարդու իրավուքնների պաշտպանի գրասենյակից ստացված գրություններ,
  • 87-ը՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումներ,
  • 171-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ:
 
Նշված առերևույթ հանցավոր իրավախախտումների վերաբերյալ հաղորդում-ահազանգերից՝
  • 217-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ 154.9-րդ հոդված),
  • 170-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդված),
  • 96-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված),
  • 72-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդված),
  • 54-ը` քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված),
  • 42-ը՝ ընտրական քարոզչության և նման բնույթի այլ պաստառների հետ կապված գույքային վնասներ հասցնելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդված),
  • 10-ը` տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդված),
  • 4-ը՝ ընտրատեղամասից ընտրական փաստաթղթերի կամ կնիքների, այլ պարագաների հափշտակությանը (ՀՀ քրեական օրենսգրքի 154.7-րդ հոդված),
  • 2-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին և կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդված),
  • 2-ը՝ վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.5-րդ հոդված),
  • 2-ը՝ ընտրական այլ,
  • 56-ը՝ ընտրական չհամարվող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ ենթադրյալ հանցավոր արարքների:
  
Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 440 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքների պարզմանն ուղղված անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշվածների մի մասում առկա տեղեկությունները չեն հաստատվել, և դրանք թողնվել են անհետևանք, մյուս՝ մեծ մասով ստուգողական գործողությունները շարունակվում են:
 Ընդհանուր 727 հաղորդումներից 287-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:
 Դրանց արդյունքում նշված ժամանակահատվածում 32 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝
  • 18-ը հարուցվել է առերևույթ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրակաշառքի միջնորդության հատկանիշներով, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում,
  • 3-ը՝ ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու, այդ թվում նաև՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում,
  • 2-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի, որոնցից մեկը՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում, 
  • 1-ը՝ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, նյութապես շահագրգռելով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու,
  • 1-ը՝ 2 և ավելի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու, 
  • 1-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու,
  • 1-ը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առերևույթ կեղծ քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու,
  • 1-ը՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու,
  • 4-ը՝ կապված պաստառների վնասման հետ, գույքային վնաս հասցնելու հատկանիշներով:
 Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 43 անձանց նկատմամբ, որոնցից 16-ին առաջադրվել են մեղադրանքներ, այդ թվում նաև ընտրություններին մասնակցած տարբեր ուժերի պատգամավորության ցուցակներում ընդգրկված 5 անձի:
Հարուցված քրեական գործերի, դրանցով իրականցվող քննությունների արդյունքների, քրեական հետապնդումների վերաբերյալ թույլատրելիության շրջանակում  առաջիկայում և հետագայում որոշակի պարբերակայությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կհրապարակվի առանձին համապարփակ տեղեկատվություն առաջիկայում:  
 ՀՀ գլխավոր դատախազություն ստացվել են նաև ընտրություններին և ընտրական իրավունքին վերաբերող, սակայն ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չպարունակող 18 դիմումներ, որոնց կապակցությամբ դիմողներին պատշաճ կերպով տրվել են պարզաբանումներ, առանձին դեպքերում դիմումն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը:
 
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին
 
 

Նմանատիպ նյութեր