211652_close_icon
views-count1756 դիտում article-date 19:04 27-06-2021

Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում նշվել է Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի ընտրության և օծման 26-րդ տարեդարձը

Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում մատուցված սուրբ և անմահ պատարագի ընթացքում հանդիսավորապես նշվել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Նորին Սուրբ օծություն Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կաթողիկոսական ընտրության և օծման 26-րդ տարեդարձը, Հայրապետական հատուկ մաղթանքով։ Այս մասին տեղեկացնում են Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարանից։

«Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ Սարգիս եկեղեցում այս առիթով հանդիսաւոր սուրբ պատարագ մատոյց և իր պատգամը տւեց Գերշ. Տ. Գրիգոր Ս. Արք. Չիֆթճեան, առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի։

Տէրունական աղօթքից՝ «Հայր Մեր»-ից առաջ, նախագահութեամբ պատարագիչ առաջնորդ Սրբազան հօր, խորանի բեմում կատարւեց «Մաղթանք Հայրապետական»-ի արարողութիւնը: «Ուրախ լեր» շարականից յետոյ, որն կատարւեց Կոմիտաս երգչախմբի միջոցով, խմբավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի, Քարմէն Աբրահամեան ընթերցեց Պօղոս Առաքեալի նամակը: Խորանին սպասարկում էր Վարդան Սրկ. Տէր Մարտիրոսեանը, իսկ մոմակրութիւնը կատարում էին Էմելիա Աբրահամեանն ու Սելինա Ազիզեանը

Առաջնորդ Սրբազան հայրը աղօթքների և աւետարանական հատւածի ընթերցումը կատարեց և ապա տւեց իր պատգամը: Օրւայ աւետարանական հատւածը մեկնաբանելուց յետոյ անդրադարձաւ Սբ Աստւածամօր «Տփոյ գտման» տօնի խորհրդին և ապա վեր հանեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսական Սբ Աթոռի կարևոր դերակատարութեան մեր ազգի կեանքում, որի ժամանակակից պատմութեան 26 տարիները եղան ու շարունակում են լինել աննախընթաց ներդրում՝ Արամ Ա. Կաթողիկոսի բազմաբեղուն գահակալութեամբ. «Արամ Ա. Կաթողիկոս անունը նշանակում է բաշխւող նւիրում ու անսպառ ծառայութիւն: Վեհափառը երբեք տարբերութիւն չի դնում իր իշխանութեան ներքև գտնւող թեմերում ապրող զաւակերի միջև, լինեն դրանք աղքատ թէ հարուստ, հանգամանաւոր թէ պարզ հաւատացեալներ: Նա բոլորիս սիրում է իր հայրական ջերմ սրտից բխած անկեղծ սիրով…», ասաց Սրբազանը:

Արարողութեան աւարտին երգչախումբը կատարեց «Կիլիկիա»-ն, որին միացաւ նաև ներկայ ժողովուրդը:

Ուրմիոյ Սբ Ստեփանոս եկեղեցում ևս, Սուրբ պատարագի ընթացքին տեղի ունեցաւ նոյն «Մաղթանք»-ը: Օրւայ պատարագիչ՝ Հոգևոր հովիւ Արժ. Տ. Մարտիրոս Քհնյ. Ղուկասեանը կատարեց այն, մասնակցութեամբ Թադէ Կիս.Սրկ. Էլիասզադէի:

Ատրպատականի հայաշատ զոյգ քաղաքների եկեղեցիներում տեղի ունեցած սոյն արարողութիւնների ընթացքում հաւատացեալներ աղօթեցին Նորին Սրբութեան կենաց առողջութեան և բոլոր հիւանդների ապաքինման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր