211652_close_icon
views-count2838 դիտում article-date 10:37 02-07-2021

20 լրակազմ ծանրաձողերի համար 111 միլիոն դրամ էր անհրաժեշտ, իսկ ԿԳՄՍ-ն կարողացել է հատկացնել 38 միլիոն դրամ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Ծանրամարտի՝ տղամարդկանց եւ կանանց հավաքական թիմերի մարզումներն ապահովելու համար մեկ հարթակն ու 20 ծանրաձողերը մեկ շաբաթվա կամ առավելագույնը տասն օրվա ընթացքում կլինեն Հայաստանում, եւ մեր ծանրամարտիկները կհասցնեն մարզվել այդ նոր ծանրաձողերով մինչեւ օգոստոսին կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցելը: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:

Նրա խոսքով՝ մամուլի մեկնաբանությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը գույքի գնումն ուշացնելու համար բարկացել է իր վրա, ճիշտ չէ. վարչապետը բարկացել է ստեղծված իրավիճակի վրա, եւ ինքը նախարարը եւս դժգոհ է եղել ստեղծված իրավիճակից:

Հիշեցնենք, որ Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերից մեկի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դժգոհություն հայտնեց, որ ծանրամարտիկների համար անհրաժեշտ գույքի գնումն ուշացվել է, եւ չնայած ինքը հանձնարարել էր 20 լրակազմ ծանրաձող ձեռք բերել, ներկայացված նախագծում նշվում է 7-ի մասին (5-ը՝ տղամարդկանց և 2-ը կանանց հատկացնելու համար)։

Փաշինյանն ընդգծել էր, որ այս տարվա ապրիլի 27-ին էր հանդիպել ծանրամարտի հավաքականի մարզիչների եւ մարզիկների հետ, անակնկալ կերպով պարզել, որ նրանք չունեն միջազգային ստանդարտներին համապատասխանող ծանրաձողեր, հանձնարարել էր ապահովել դրանցով, այնինչ այսօր հուլիսի 1-ն է, եւ համապատասխան նախագիծը նոր միայն բերվում է Կառավարության նիստի օրակարգ։

«Եթե ես ճիշտ եմ հիշում, օլիմպիական խաղերը տեղի են ունենալու 2021 թվականի օգոստոսին»,- ժամկետների անհամապատասխանությունը ցույց տալով՝ ասաց նա՝ անընդունելի համարելով ակնարկը, որ այս նախապատրաստությունները կլինեն արդեն հաջորդ օլիմպիական խաղերի համար։

Վահրամ Դումանյանը մեր զրույցում նշեց՝ ծանրամարտիկներին 20 լրակազմ ծանրաձողերի ապահովման համար 111 միլիոն դրամ էր անհրաժեշտ, իսկ նախարարությունը բյուջեից կարողացել է հատկացնել 38 միլիոն դրամ, որով հնարավոր էր գնել միայն 7 լրակազմ ծանրաձող:

Այսօր՝ վարչապետի հանձնարարականից հետո, ֆինանսավորման լրացուցիչ աղբյուր ստեղծվեց, եւ Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց պակասող 73 միլիոն դրամը՝ ապահովելու համար 20 ծանրաձող. 10-ը՝ տղամարդկանց, 10-ը՝ կանանց համար:

«Ես շատ շնորհակալ եմ վարչապետին, քանի որ եթե ինքը չմիջամտեր, միայն նախարարության ռեսուրսներով մենք այս պահին չէինք կարողանա ծանրամարտիկների համար անհրաժեշտ գույքն ամբողջ ծավալով ապահովել: Ստեղծված ընդհանուր իրավիճակից ինչպես վարչապետն էր դժգոհ, այնպես էլ ես էի դժգոհ: Իսկ իրավիճակը կապված էր ֆինանսական միջոցների հայթաթման աղբյուրների հետ: Եվ այստեղ նախարարի անձի եւ նախարարության հետ խնդիր չկա: Այնպես չէ, որ վարչապետի հանձնարարականի հետ կապված խնդիր է եղել, հակառակը, նախարարությունը արել էր առավելագույնը, այնքան, որքան կարող էր:

Վարչապետի դժգոհությունը վերաբերում էր ընդհանուր իրավիճակին, որ չպետք է սահմանափակվել նախարարության հնարավորություններով, այլ պետք է ցանկացած միջոցով ամբողջ ծավալով գործընթացը կազմակերպելու եւ իրագործելու ուղիներ գտնել: Եվ իր հանձնարարականից անմիջապես հետո այլ տեղերից՝ պահուստային ֆոնդից, գումարը հատկացվեց, եւ ամեն ինչ ժամանակին կկազմակերպվի, անհրաժեշտ բոլոր սարքավորումները կհասնեն մեր սպորտսմեններին, եւ նրանք մինչև օլիմպիական խաղերի սկիզբը կհասցնեն պարապել նոր մարզագույքով»,- նշեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր