211652_close_icon
views-count2288 դիտում article-date 17:28 12-07-2021

Մշակութային բովանդակություն ստեղծարար միջավայրում. իրականացվել է «Արվեստասերունդ» կրթական նախագիծը 6-13 տարեկան երեխաների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 2-րդ ամիսն է, ինչ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունն իր միջոցներով, նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ իրականացնում է «Արվեստասերունդ» կրթական նախագիծը 6-13 տարեկան երեխաների համար:

Նախագծի նպատակն է «Անիմացիոն» և «Կինոնկարչության» աշխատարանների միջոցով, որոնք ղեկավարում են Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամաներ, ճանաչված արվեստագետներ՝ ռեժիսոր, անիմատոր, նկարիչ Նաիրա Մուրադյանը և նկարիչ, մուլտիպլիկատոր Մարինա Վաղարշյանը, հավելյալ մշակութային բովանդակություն հաղորդել ստեղծարար միջավայրում, և նոր ձև ու բովանդակություն տալ գեղարվեստական կրթությանը՝ ստեղծելով արվեստի միջոցով կրթության շարունակականության պրոցես:

Նախագծում ընդգրկված երեխաներն անմիջականորեն մաս են կազմում արվեստային գործի ստեղծմանը, գիտելիքներն անմիջապես ստանում են կիրառականության միջոցով և պրոֆեսիոնալների կողմից մասնակցային գործընթացով:

4 ամիսների ընթացքում՝ շաբաթ-կիրակի օրերին, ստեղծարար աշխատարանների մասնակիցները՝ օգտագործելով կինոն՝ մասնավորապես անիմացիոն կինոն և նրան համակցված արվեստները՝ նկարչություն, անիմացիոն արվեստ, գրականություն, երաժշտություն, անիմացիոն տեխնոլոգիաներ և այլն, կստեղծեն իրենց ստեղծագործությունները, որոնք հանրային ցուցադրությունների ու ցուցահանդեսների միջոցով կներկայացվեն հանրությանը: 
 
«Արվեստասերունդ»-ի մասնակիցների շաբաթ-կիրակիները սկսվում են հայկական  արտադրության մուլտֆիլմերի և անիմացիոն ֆիլմերի դիտումներով, այնուհետև շարունակվում ստեղծագործելու ժամերով՝ անիմացիոն պատկերների ստեղծում, մուլտ պատկերների նկարչություն, աշխատանքների քննարկում և այլն:
«Արվեստասերունդ»-ի առաջին հոսքն արդեն ավարտել է աշխատանքը: Հուլիսյան խմբի ստեղծագործական օրերը դեռ առջևում են: Օգոստոս և սեպտեմբեր ամիսները նույնպես հագեցած են լինելու: Իսկ արդյունքների ցուցադրության ու ցուցահանդեսային օրերին սպասում են բոլորը:
Բոլոր նրանք, ովքեր մասնակցել են աշխատարանների ստեղծագործական աշխատանքին, սեպտեմբերին կրկին կմեկտեղվեն Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տանը:
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր