211652_close_icon
views-count1655 դիտում article-date 13:07 15-07-2021

Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե Հայաստանը դեմ է և խոչընդոտում է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին․ իրականությունն ուղիղ հակառակն է․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը փորձում է  ներկայացնել, թե Հայաստանը դեմ է և խոչընդոտում է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին․ իրականությունն ուղիղ հակառակն է՝ այդ Ադրբեջանն է դեմ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին, որովհետև ասպարեզ է բերել ակնհայտորեն կեղծված քարտեզներ՝ փորձելով հիմնավորել իր ԶՈւ ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներում։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստի սկզբում  հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ-ի՝ հայելային կերպով մշտական տեղակայման վայրեր հետքաշման, սահմանագծին ռուս սահմանապահների և, կամ միջազգային դիտորդների տեղակայման, այնուհետ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների նախապատրաստության ու մեկնարկի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ։

«Մենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ, իսկ Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել այս առաջարկին»,-ասաց նա։

Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե ՀՀ-ն դեմ է խաղաղության ու խաղաղության պայմանագրին, մինչդեռ, Փաշինյանի խոսքով, ՀՀ-ն արդեն մի քանի անգամ հրապարակային ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ապրիլի 13-ի հայտարարությունը, որում նշվում է, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը՝ կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա։

«Կողմերին լավ հայտնի սկզբունքները, որոնց մասին խոսվում է այս հայտարարության  մեջ, և որոնք դրված են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում, երեքն են՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում և տարածքային ամբողջականություն։ Համանախագահների այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզի առաջարկ»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով՝ ՀՀ-ն պատրաստ է Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ համանախագահների հայտարարության մեջ նշված ֆորմատով և բովանդակությամբ։

«Անկախ ամեն ինչից՝ ՀՀ-ն բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ հայ-ռուսական միացյալ զորախմբի և ՀԱՊԿ մեխանիզմների գործարկմամբ, ինչի շուրջ մենք շարունակում ենք մեր խորհրդակցությունները մեր գործընկերների հետ»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր