211652_close_icon
views-count13611 դիտում article-date 18:42 18-07-2021

«Բոլոր հաղորդակցական կապերը պետք է միաժամանակ բացվեն». Ալիևը հայտարարել է Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում 3 օդակայանի կառուցման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Մենք գտնվում ենք ենթակառուցվածքների կառուցման ակտիվ փուլում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսում, տեղեկացնում է Tert.am-ը:

Ալիևը հայտարարել է, որ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում «3 միջազգային օդանավակայան է կառուցվելու, առաջինը՝ Ֆիզուլիում (Վարանդա), որը կգործարկվի տարեվերջին, երկրորդը՝ Զանգելանում (Կովսական), երրորդը՝ Լաչինում (Բերձոր): Վերջինի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականին»:

Ալիևը հավելել է, որ «հաղորդակցական կապերի բացումը տարածաշրջանում Ադրբեջանին թույլ կտա Հայաստանի տարածքով ապահովել կապը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ»:

«Միևնույն ժամանակ սկսվել է երկաթգծի կառուցումը Հայաստանի հետ սահմանի երկայնքով, սկսվել է մայրուղիների կառուցումը Հայաստանի հետ սահմանի երկայնքով: Մեր տարածքում մենք պետք է մոտ 100 կմ երկարությամբ մայրուղիներ և երկաթգիծ կառուցենք դեպի Հայաստան, Հայաստանի տարածքում լինելու է մոտ 40 կմ: Հաղորդակցական ուղիների բացումը տարածաշրջանում զուգահեռ պետք է տեղի ունենա»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ դա Հայաստանի համար կապահովի կապը Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ Ադրբեջանի համար հնարավորություն կստեղծվի հավելյալ կապ ունենալ Նախիջանի հետ:

Նրա խոսքով՝ տարածաշրջանի 4 երկիր աջակցում են այս մոտեցմանը՝ Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր