Խաչատուր Սուքիասյանի եղբայրը ձերբակալվեց. Armeniasputnik.am, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Ռոբերտ Սուքիասյանը, ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Գոռ Միքայելյանը։ Պաշտպանը հավելեց, որ ձերբակալությունը ապօրինի է, ինքը այժմ զբաղված է դրա բողոքարկմամբ։
«Մարդն իր ոտքով եկել, ներկայացել է ոստիկանություն, ձերբակալության հիմք ընդհանրապես չկա», ֊ ասաց Միքայելյանը։
Նա մանրամասնեց, որ Սուքիասյանը դեռ չի էլ հարցաքննվել, բայց արդեն ձերբակալված է ու գտնվում է ձերբակալվածների պահման վայրում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հայտնի գործարար, «Իմ քայլը» խմբակցության ցուցակով խորհրդարան մտած Խաչատուր Սուքիասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Երեկ Երեւանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ եւ անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո:
Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական եւ քաղաքական կարգավիճակից»,- գրել էր նա։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: