211652_close_icon
views-count2763 դիտում article-date 21:22 20-07-2021

Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանն ազատ է արձակվել

Քարահունջ գյուղում ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրյալ, կալանքի տակ գտնվող վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը ազատ է արձակվել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

«Պաշտպանության կողմի միջնորդության քննարկման արդյունքում դատախազի որոշմամբ փոխվել է խափանման միջոցը՝ գրավով։ Որպես գրավի առարկա է կիրառվել միջնորդությանը կից ներկայացված անշարժ գույքը։ Հաշվի է առնվել նրա կողմից ինքնախոստովանական ցուցմունք տալու, քննությանը եւ հանցագործության բացահայտմանն օժանդակելու հանգամանքը, ինչպես նաեւ այն, որ քննության տվյալ փուլում նվազել է դատավարության մասնակիցների նկատմամբ ապօրինի ազդեցության գործադրմամբ քննությանը խոչընդոտելու ռիսկը, եւ գրավի կիրառումը բավարար է ազատության մեջ մնալով մեղադրյալի պատշաճ վարքագիծը երաշխավորելու համար»,- հայտնեցին դատախազությունից։

Հիշեցնենք, որ Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու եւ քվեարկության գաղտնիությունը խախտելու հատկանիշներով:

Ըստ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբանի՝ Ավետյանը Գորիսի քաղաքապետի դեմ ցուցմունք է տվել։ Փաստաբանի խոսքով՝ Առուշանյանը կալանավորվել է այդ ցուցմունքի հիման վրա։

Նմանատիպ նյութեր