211652_close_icon
views-count1897 դիտում article-date 19:15 24-07-2021

Անահիտ Ավանեսյանը Աթենքում հանդիպել է առողջապահական գերատեսչությունների ղեկավարների հետ

Աթենքում ընթացող բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մասնակից երկրների առողջապահական գերատեսչությունների ղեկավարների հետ, քննարկել ոլորտային գործակցությանն առնչվող ուղղությունները, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են գործակցության ցանկալի և առաջնահերթ խնդիրներին, մասնավորապես՝ առողջության ապահովագրության համակարգի ներդրմանը, առողջության առաջնային պահպանման օղակի (պոլիկլինիկական ծառայության) գործունեությանը: Հանդիպման առանցքում COVID-19 համավարակով պայմանավորված՝ Հայաստանում իրականացվող պատվաստումային գործընթացն էր, պատվաստանյութերի ձեռքբերման հնարավոր տարբերակներին առնչվող հարցերը, այդ թվում հումանիտար օգնության ճանապարհով:
 
Ներկայացնելով Հայաստանում տարվող պատվաստումային գործընթացը՝ պատվաստանյութերի՝ մարդասիրական օգնության շրջանակում լրացուցիչ խմբաքանակներ ստանալու, ինչպես նաև գնման եղանակով ձեռքբերելու անհրաժեշտությունը, Անահիտ Ավանեսյանն ընդգծել է պատվաստանյութերի ինչպես հնարավոր բազմազանության ապահովման, այնպես էլ դրանց ժամանակին մատակարարման կարևորությունը: Նա անդրադարձել է նաև փոխատվության սկզբունքով պատվաստանյութերի տրամադրմանը, որի դեպքում մի երկիրը մյուսին կարող է ժամանակավոր տրամադրել պատվաստանյութ՝ նախատեսված ժամկետում վերադարձնելու պայմանով, այդ կերպ երկրների միջև ապահովելով պատվաստանյութերի ակտիվ շրջանառություն, միաժամանակ լուծելով մի երկրում պատվաստանյութերի ավելցուկի, իսկ մյուսում՝ բացակայության խնդիրը:
 
Հանս Կլյուգեն գոհունակություն է հայտնել Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների առնչությամբ՝ առանձնակի կարևորելով շոշափելի ձեռքբերումներն ու կյանքի կոչված ծրագրերի արդյունավետ իրականացումը: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի հետ ԱՀԿ-ի աշխատանքներն այսուհետև առավել ինտենսիվ բնույթ կկրեն՝ այդ համատեքստում մտադրվելով ավելացնել Հայաստանին տրամադրվելիք նվիրատվության ծավալները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր