211652_close_icon
views-count1697 դիտում article-date 18:10 27-07-2021

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Զարգացման ֆրանսիական գործակալության և «Էքսպերտիզ ֆրանս» կազմակերպության փորձագետների հետ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) կողմից ֆինանսավորվող և Էքսպերտիզ ֆրանս կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ հարկային վարչարարության աջակցության» ծրագրի համատեքստում իրականացվել է քառօրյա  առաքելություն:

Առաքելության շրջանակում տեղի են ունեցել «Պայքար միջազգային հարկային կեղծիքի դեմ» և «Ռիսկերի վերլուծություն և դատամայնինգի ինտեգրում» աշխատանքային խմբերի հանդիպումները՝ Ֆրանսիայի հանրային ֆինանսների գլխավոր վարչության փորձագետների և ՊԵԿ մասնագետների մասնակցությամբ։

Քննարկումների ընթացքում ֆրանսիացի փորձագետները  օրինակներով ներկայացրել են հարկերից խուսափելու մեխանիզմներ, ուսումնասիրել են ՊԵԿ-ում առկա օրենսդրական կարգավորումները և ստուգման գործընթացները, ինչի հիման վրա առաջարկվել են ռիսկերի վերհանման և վերլուծության մեխանիզմներ՝ ՀՀ-ում հարկային ստուգումների գործընթացը բարելավելու նպատակով։

Քառօրյա հանդիպումների ընթացքում ՊԵԿ-ի կողմից արդյունավետորեն փորձարկվել են նաև ֆրանսիացի փորձագետների նախապես տրամադրած ռիսկերի վերհանման բանաձևերը:
Այնուհետև, ծրագրի թիմը հանդիպում է ունեցել նաև ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի և նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի հետ՝ ամփոփելու հանդիպումների արդյունքները, ինչպես նաև քննարկելու հետագա քայլերը։

Առաքելությունը գլխավորել է ծրագրի գլխավոր փորձագետ, Ֆրանսիայի հանրային ֆինանսների գլխավոր վարչության ներկայացուցիչ (DGFIP) Ժակ Շերբեթյանը:

Հիշեցնենք, որ 2018թ-ի մարտին Ֆրանսիական զարգացման գործակալության և ՀՀ ֆինանսների նախարարության միջև կնքել է 500,000 եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիր՝ ի աջակցություն հարկային բարեփոխումների: 2019 թվականի հուլիսին Էքսպերտիզ Ֆրանսի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջև կնքված պայմանագրով սկիզբ է դրվել տեխնիկական աջակցության ծրագրին, որի նպատակն է օժանդակել Հայաստանի հարկային վարչարարությանը՝ 2020-2024 թվականների ռազմավարության իրականացման գործում:

ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ
կապերի բաժին

 

Նմանատիպ նյութեր