211652_close_icon
views-count1461 դիտում article-date 11:26 03-08-2021

ՊԵԿ-ը հորդորում է ակտիվ մասնակցել մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման դասընթացներին՝ «Մեկ պատուհան»  համակարգի ներդրմանն ընդառաջ

ՊԵտական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ավարտվում է «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգի ներդրման գործընթացը: Այն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական Միության համագործակցությամբ և մինչև տարեվերջ պետք է կիրառվի ամբողջությամբ։ Այս գործընթացով հնարավորին նվազագույնի են հասցվելու շփումները՝ մաքսային ձևակերպումների համար տարբեր պետական և մասնավոր մարմիններից անհրաժեշտ առձեռն թույլատրական փաստաթղթերի ստացման նպատակով: Զգալի կրճատվելու է ներմուծման և արտահանման գործընթացի կազմակերպման ժամանակը։ Համակարգի ներդրումից կարճ ժամանակ անց փաստաթղթերի թղթային տարբերակի ներկայացումն արգելվելու է և ընդունվելու են միայն էլեկտրոնային փաստաթղթեր։ Տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հաշվի առնելով, որ էլեկտրոնային հարթակից օգտվելը պահանջում է որոշակի հմտություններ և գիտելիքներ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն օգոստոսի 2-ից նախաձեռնել է ուսուցողական դասընթացներ մաքսային ձևակերպումներ իրականացնող մասնագետների, ինքնահայտարարագրող կազմակերպությունների մաքսային գործակալների, ինչպես նաև շահագրգիռ ցանկացած այլ անձանց համար։ ՊԵԿ պաշտոնական կայքով հայտարարություն է հրապարակվել, ինչպես նաև կոմիտեին հասանելի էլեկտրոնային հասցեներով անհատական իրազեկում է ուղարկվել նշված մասնագետներին՝ դասընթացների մասնակցության անհրաժեշտության մասին։ Առաջին դասընթացին մի քանի հարյուր հոգու հասնող թիրախային խմբից ընդամենը 18 մասնագետ է հայտ ներկայացրել, ինչը բավականին ցածր ցուցանիշ է:

Կոմիտեն տեղեկացնում է, որ սեպտեմբեր ամսին կկազմակերպվի դասընթացի ևս մեկ փուլ: Արդյունքում կհրապարակվեն մասնակից այն մասնագետների տվյալները, որոնք ձեռք են բերել համապատասխան գիտելիքներ և կկարողանան «Մեկ պատուհան»  սկզբունքով ապահովել մաքսային ձևակերպումների և թույլատրական փաստաթղթերի ստացման պարզեցված գործընթացը։ ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ այժմ վերանայվում է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման ամբողջ գործընթացը, և, եթե այս պահին դասընթացների մասնակցությունը կրում է կամավոր բնույթ, ապա հետագայում էլեկտրոնային հարթակից օգտվելու հմտությունը համապատասխան որակավորում ստանալու պարտադիր նախապայմաններից և պահանջներից է լինելու։ 

Այսպիսով, «Մեկ պատուհան»  էլեկտրոնային հարթակից օգտվելու համապատասխան գիտելիք և հմտություն չունեցող անձինք հնարավորություն չեն ունենալու մատուցել պարզեցված և բարձրորակ ծառայություններ, իսկ մոտ ապագայում, նախատեսվող իրավակարգավորումներից հետո, չեն ստանա նաև մաքսային ձևակերպումների մասնագետի համապատասխան որակավորում։

 

Նմանատիպ նյութեր