211652_close_icon
views-count1581 դիտում article-date 12:46 16-08-2021

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ զինվորը վիրահատվել է

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը որդու առողջական բոլոր խնդիրների կապակցությամբ բժշկական հետազոտություններ ու բուժում տրամադրելուն աջակցելու հարցում: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջը։

«Մասնավորապես, զինվորի մայրը դիմումով նշել է, որ իր որդին 2020 թվականի ամառային զորակոչին բժշկական հետազոտությունների ու փորձաքննության հիման վրա սահմանափակումով պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության համար եւ զորակոչվել ՀՀ զինված ուժեր:

Դիմումատուն նշել է, որ որդին ունի առողջական մի շարք խնդիրներ: Ըստ դիմումատուի՝ առողջական խնդիրների կապակցությամբ որդուն վիրահատություն իրականացնելու ցուցում է տրվել, սակայն մարտական գործողություններ սկսվելու պատճառով վիրահատությունը չի իրականացվել:

Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ մարտական գործողություններին մասնակցելուց հետո որդու առողջական վիճակը վատթարացել է: Բացի այդ, որդին ունի բարձր ջերմություն, հազ, մշտական թուլություն: Դիմումատուի պնդմամբ՝ նշված առողջական խնդիրների կապակցությամբ ծառայության վայրում հնարավոր չէ զինվորին տրամադրել պատշաճ բժշկական օգնություն, քանի որ առկա չեն բժիշկ-մասնագետներ եւ համապատասխան գործիքակազմ:

Բողոքում բարձրացված հարցի կապակցությամբ պաշտպանը գրություն է հասցեագրել Պաշտպանության նախարարություն՝ առաջարկելով ստուգել զինվորի ընթացիկ առողջական վիճակը, ստուգման արդյունքներով պայմանավորված՝ միջոցներ ձեռնարկել նրա առողջական բոլոր խնդիրների կապակցությամբ բժշկական հետազոտություններ իրականացնելու ու բուժում տրամադրելու ուղղությամբ:

Պաշտպանության նախարարությունից ստացված պատասխանի համաձայն՝ զինվորը մասնագիտական հետազոտման եւ բուժման նպատակով տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները եւ բժիշկ մասնագետների խորհրդատվությունները:

Արդյունքում, զինվորը վիրահատվել է»,– ասվում է հաղորդագրության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր