211652_close_icon
views-count41381 դիտում article-date 22:50 18-08-2021

Երևանում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմի 20-ամյա հերոս Գոռի անվան հուշաղբյուր. մասնակիցներն ասում էին. «Քեզ բացակա չենք դնի, իսկ այս վայրը սերնդե սերունդ կմնա որպես սրբատեղի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի 23/8 շենքի բակում բացվեց արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմում նահատակված 20-ամյա հերոս Գոռ Գարիկի Սիմոնյանի հիշատակը հավերժացնող հուշաղբյուր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հուշաղբյուրին ծաղիկներ կխոնարհեին, հոգևոր հովիվը Տերունական աղոթք հնչեցնելուց հետո օծեց հուշաղբյուրը։

Միջոցառման ժամանակ Արցախի Պաշտպանության բանակի բարձրաստիճան սպան հերոսի մայրիկին փոխանցեց Արցախի Հանրապետության նախագահի կողմից տրված «Մարտական ծառայություն» մեդալը, իսկ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի կողմից հանձնվեց «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալը։

Ելույթով հանդես եկան հերոսի ուսուցչուհին, մայրը, եղբայրը, հոգևոր հովիվը, Գոռի մարտական ընկերները։ Միջոցառումից հետո մասնակիցներն ուղևորվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ ամփոփված է հերոսի աճյունը։

Գոռ Գարիկի Սիմոնյանը ծնվել է 2000թ հուլիսի 7-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում:  6 տարեկանում ընդունվել է Առինջի Կ․ Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի առաջին դասարան։ 2-րդ դասարանն ուսանել է Ավանի Օհանյան կրթահամալիրում։ 3-րդ  դասարանում տեղափոխվել է Երևանի Խ․ Աբովյանի անվան հ․ 2 հիմնական դպրոց։

Դպրոցն ավարտելուց հետո Գոռը ուսումը շարունակել է Երևանի հ․ 9 արհեստագրծական պետական   ուսումնարանում՝ վարսահարդարի մասնագիտությամբ: Ուսումնարանն ավարտել է կարմիր դիպլոմով:
     
Գոռը տիրապետում էր ռուսերենին, անգլերենին, համակարգչային մի շարք ծրագրերի։ Ծրագրավորումը պետք է դառնար լուսավոր այս երիտասարդի երկրորդ մասնագիտությունը, բայց, ավաղ, անիրավ պատերազմը շատ նպատակներ ու նվիրական երազանքներ պիտի անավարտ թողներ։

Գոռը շատ նախասիրություններ ուներ՝ պար, երաժշտություն: Պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվում էր նաև անվաչմուշկային սպորտով. վերջինս նրա կյանքի անբաժան մասն էր: Նա իր անվաչմշկորդ ընկերների հետ ստեղծել էր «RollDance» թիմը, որը մեծ ճանաչում ուներ և մասնակցում էր բարեգործական բազմաթիվ միջոցառումների ու աներևակայելի շոուծրագրեր էր ցուցադրում՝ ապշեցնելով ու տպավորելով հանդիսատեսին։ Նրանց թիմը նկարահանվել է տարբեր տեսահոլովակներում, մասնակցել շատ միջոցառումների և շնորհանդեսների:       
                  
2019 թ․ հունվարի 25-ին Գոռը զորակոչվում է բանակ։ Նա մեկնեց ծառայելու՝ պատրաստ գիտելիքներն ու կարողություններն օգտագործելու ի նպաստ հայրենի պաշտպանության։ Ծառայում էր Արցախի Հանրապետությունում: Ծառայության առաջին 6 ամիսն անցկացրել է Մատաղիսում, ապա՝ Թալիշի 2-րդ ՀԳՄ  6-րդ ՀՎ.
Գոռի բազմակողմանի զարգացած, կյանքով լեցուն, համառ, աշխատասեր և նպատակասլաց երիտասարդ էր։ Նա անսահման ընկերասեր էր, բարի ու նրբանկատ։ Գոռի բարության, նվիրվածության, ընկերասիրության և կազմակերպվածության մասին խոսում էր հրամանատարական ողջ կազմը: Նրան այդպիսին էին բնութագրում նաև համածառայակիցները: Գոռը սիրում էր լինել առաջատար իր գործում։ Ծառայության հենց սկզբից արագորեն սերտում, այնուհետև գեևազանց տիրապետում էր ռազմական գիտելիքներին, մարտական հաշվարկներին: Լինելով նռնականետորդ՝ միշտ բարձր  ցուցանիշներ է գրանցել կրակային վարժությունների ժամանակ: 

Ծառայության ընթացքում հրամանատարական կազմի կողմից 3 պատվոգիր և բազմաթիվ խրախուսական նվերների է արժանացել։ Հրամանատարական կազմը միջնորդություն է ներկայացրել ՀՀ կառավարությանը Գոռ Գարիկի Սիմոնյանին՝ որպես օրինակելի զինծառայողի, ՀՀ զինված ուժերի «Քաջարի մարտիկ» և «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշաններով պարգևատրելու համար։ Ավաղ, վրա հասած պատերազմը ամեն ինչ թողնում է անավարտ․․․

2020թ․ սեպտեմբերի 27-ին լույսը բացվեց գույժով։ Թշնամին լայնամասշտաբ գործողություններ ծավալեց՝ հայտարարելով պատերազմ։ Պատերազմ կոչվող այդ ժանտը տևեց 44 օր։ Չարաբաստիկ այդ օրերը երբեք չեն ջնջվի մեր պատմության ու հիշողության էջերից։
Թշնամու կողմից կիրառվող զենքերի քանակն ու անթույլատրելի տեսակներն անգամ չեն վախեցնում ու ընկճում մեր քաջարի զինվորներին։ Հայ զինվորն իր կատաղի ու համառ պայքարը մղեց պատվով և պայքարի ու, ցավոք, նաև կյանքի գնով պաշտպանեց հողն իր հայրենի։

Պատերազմի առաջին օրերին Գոռը կռիվ է մղել Թալիշում։ Նրանց գումարտակը ենթարկվել է հրետակոծության, և, մեծ ն կորուստներ կրելով, հոկտեմբերի 4-ին հասել Մարտակերտ։

Ալաշան գյուղում ձևավորվում է բազավորված գումարտակ, որի կազմում էր նաև Գոռը։ Նա իր մարտական հերթապահությունը կատարում էր Մարտակերտի և Մատաղիսի հատման շրջանում։ Այս դիրքերում ընթանում էին շատ թեժ մարտեր։ Հոկտեմբերի 13-ին Գոռն իր զինակից ընկերների հետ մարտական խնդիր է ստանում։ Նրանք պետք է պաշտպանեին Մատաղիսի բլուրները, որ թշնամին չգրավի այդ բարձունքը, որն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ շատ կարևոր նշանակություն ուներ։

Մինչ տեղակայման վայր հասնելը նրանց մեքենաները ենթարկվում են հարվածային ԱԹՍ-ների հրթիռակոծության և կրում զգալի կորուստներ։ Գոռը զինակից չորս ընկերների և գումարտակի հրամանատարի հետ տեղակայվում է բլրի մատույցներում՝ ինչ-որ ժամանակ դիմակայելով հրթիռակոծությանը։ Կամիկաձե տեսակի հարվածային ԱԹՍ-ի արձակած հրթիռը ճակատագրական է լինում Գոռի և զինակից ընկերների համար։
Գոռն անմահանում է՝ իր հետ տանելով բազում երազանքներ ու անավարտ նպատակներ։

Մի  ամբողջ սերունդ լուսավոր ու հրաշալի՜ մի ողջ սերունդ, հավերժ պարտական կլինենք ձեզ՝ ձեր կյանքի գնով հայրենիքն ու մեզ  պաշտպանելու համար։

Հավերժ փառք ու խոնարհում․․․

​Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 417+
417+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր