211652_close_icon
views-count1563 դիտում article-date 11:13 02-09-2021

Մենք այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք. ՀՀ նախագահի ուղերձը Արցախի անկախության օրվա առթիվ

1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը: Այս նշանակալի իրադարձության 30-ամյակը դիմավորում ենք բարդագույն ժամանակահատվածում՝ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված դժվարին իրավիճակում: Արցախի անկախության օրվա առթիվ իր ուղերձում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Եվս մեկ անգամ խորին ցավակցություններս եմ հայտնում պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Մենք կանգնած ենք համահայկական փորձության առջև, որը հաղթահարելու համար վերստին անհրաժեշտ է համազգային միասնություն ու համախմբում: Արցախի անվտանգության ապահովման ու բնակչության կյանքի անձեռնմխելիության, Ադրբեջանի կողմից նոր պատերազմի շարունակական սպառնալիքի, Արցախի կարգավիճակի, սոցիալ-տնտեսական և մարդասիրական հարցերը համազգային օրակարգի առաջնահերթություններ են: Դրանք չեն կարող լուծվել առանց տնտեսապես և քաղաքականապես ուժեղ, զարգացած, մրցունակ Հայաստանի գոյության, առանց Հայրենիք-Սփյուռք կապերի հիմնովին վերափոխման ու առկա ներուժի լիարժեք օգտագործման, առանց մեր միջազգային գործընկերների հետ լիարժեք համագործակցության»,- նշել է ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ մեր պատմության մեջ, Հայկական աշխարհի համար Արցախն ու արցախցին միշտ էլ առանձնահատուկ դերակատարություն են ունեցել: Այդպես է նաև այսօր, երբ մեր ժողովրդի համար սկսվել է նոր մարտահրավերներով լի ժամանակահատված:

«Մենք այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք»,-շեշտել է նա:

Նմանատիպ նյութեր