211652_close_icon
views-count75533 դիտում article-date 18:10 03-09-2021

Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. պարզվել է մահացածի և վիրավորների ինքնությունը. Ճակատ-ճակատի բախվել էին Mercedes-ները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Մանվել Մուրադյանի որոշմամբ ՀՀ քր. օր.-ի  242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է սեպտեմբերի 2-ին Երևանում ողբերգական ավտովթարի հետևանքով Mercedes- ներից մեկի մահացած վարորդի, մյուս Mercedes-ի վարորդի և վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes մակնիշի 35 TG 968 համարանիշի ավտոմեքենան վարել է Լոռու մարզի Լեռնապատ գյուղում հաշվառված, 27-ամյա  Էրիկ Ավետիսյանը, իսկ Mercedes մակնիշի  34 FZ 900 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքում հաշվառված, 28-ամյա Սերգեյ Գասպարյանը:

Վթարի  հետևանքով Է. Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ Ա. Գասպարյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 34-ամյա Նարեկ Էվոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն,  որտեղից Ս. Գասպարյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը,սեպտեմբերի 2-ին ողբերգական  ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում ճակատ-ճակատի բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաներ։

Բախման հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 1 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով:

Մահացածին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։ 

Ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը, Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանը, հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը։

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի  գնդից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդուարդ Կարապետյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 175+
175+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր