211652_close_icon
views-count4298 դիտում article-date 16:37 07-09-2021

Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները իրականության հետ որեւէ աղերս չունեն. Պաշտպան

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ ՔԿ նախկին նախագահ, իրավագիտության դոկտոր Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները իրականության հետ որեւէ աղերս չունեն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Ա.Հովսեփյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը՝ նշելով, որ Ա.Հովսեփյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները։

Այս պահին նրա մասնակցությամբ կատարվում են քննչական գործողություններ, որի ավարտից հետո փաստաբանները հանդես կգան հայտարարությամբ՝ ներկայացնելու մեղադրանքների սնանկությունը։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, քրեական գործը հարուցվել է ավելի քան 1,5 տարի առաջ, ինչի մասին տեղյակ է եղել նաեւ Ա.Հովսեփյանը եւ, ըստ անհրաժեշտության ներկայացել նախաքննական մարմնին, ինչը խիստ անհարմար վիճակի մեջ էր դրել քննիչին։ Այսինքն՝ Ա.Հովսեփյանը որեւէ կերպ չի փորձել խոչընդոտել քննությանը, հակառակը ՝ նպաստել բազմակողմանի քննության իրականացմանը, չի թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, թեեւ այս ընթացքում երբեւէ սահմանափակված չի եղել նրա ազատ տեղաշարժվելու իրավունքը, որպիսի պայմաններում քննիչը չի ունեցել նրան ձերբակալելու որեւէ իրավական հիմք։

Ա.Հովսեփյանը ձերբակալվել է նոր օրենսդրական կարգավորումների շրջանակներում՝ դատարան ներկայացվելու համար։ Առավել եւս հիմա, երբ դատարանում մակագրումները կատարվում են ձեռքով, հետեւապես քննիչն ակնկալում է, որ կալանավորման միջնորդությունը կքննի իշխանություններին բազմաթիվ «ծառայություններ» մատուցված դատավորներից մեկը, որի համար կալանավորման հիմքերի կամ մեղսագրված արարքում հիմնավոր կասկածի առկայությունը պարտադիր չէ։

Պաշտպանական կողմը քննարկում է ձերբակալման իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու հարցը։

Նմանատիպ նյութեր