211652_close_icon

Հրկիզել են «Դիլիջան ազգային պարկի» պահպանության ծառայության ղեկավարի մեքենան

views-count2558 դիտում article-date 23:16 08-09-2021

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ գիշերը  հրկիզել են Դիլիջան Ազգային պարկի պահպանության ծառայության ղեկավարի ծառայողական մեքենան։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Երեկ՝ կեսգիշերն անց, Դիլիջան քաղաքում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են Դիլիջան Ազգային Պարկ-ի Պահպանության ծառայության ղեկավարին ամրակցված ծառայողական մեքենան։

Բնականաբար, դեպքի մասին իրազեկել ենք ՀՀ Ոստիկանություն. այս պահին նյութեր են նախապատրաստվում (հետաքննության փուլ):

Ունենք հիմնավոր կասկածներ, որ կատարվածը պայմանավորված է վերջինիս մասնագիտական գործունեությամբ։

Լիահույս ենք, որ իրավապահները սեղմ ժամկետներում կբացահայտեն դեպքը, եւ այն կարժանանա համաչափ իրավական գնահատականի։

Իսկ հնարավոր կատարողներին եւ/կամ պատվիրատուներին խստագույնս նախազգուշացնում եմ. մասնավորապես բնապահպանության եւ շրջակա միջավայրի պահպանության եւ պաշտպանության ոլորտում օրենքի գերակայությունն այլընտրանք չունի. եւ մեր համառ պայքարն ավելի՛ լայն թափով ու է՛լ ավելի մեծ նվիրումով ենք առաջ մղելու՝ հանուն Հայաստանի Հանրապետության եւ ՀՀ քաղաքացու»։

Նմանատիպ նյութեր