211652_close_icon
views-count10208 դիտում article-date 14:10 16-09-2021

«Հիմա Եռաբլուրը մի Հայաստանի չափ է. Փաշինյանը մատաղ արեց սերնդին, պահանջում ենք հարգել արյունը, որը թափվել է այս հողի վրա»․ զոհվածների ծնողները դեմ են «գունագեղ» տոնակատարությանը. aysor.am

Կառավարության շենքի դիմաց են հավաքվել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնք պահանջում են հարգել իրենց զավակների հիշատակն ու դեմ են Նիկոլ Փաշինյանի ազդարարած «գունագեղ» տոնակատարությանը, որը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 21-ին, հայտնում է Aysor.am-ը։

«Պահանջում ենք կառավարությունից, որ հարգեն մեր զինվորներին, հարգեն արյունը, որը թափվել է այս հողի վրա։ Հիմա Եռաբլուրը մի Հայաստանի չափ է՝ չհաշված մարզերի պանթեոնները, չհաշված ընտանեկան շիրիմները։ Բոլորը պարտավոր են հարգել մեր երեխքին», - ասաց Փաշինյանի ձևակերպումներից վիրավորված և կառավարության շենքի մոտ եկած ծնողներից մեկը։

«Ներողությունը պետք է խնդրեր այն ժամանակ, երբ որ երեխեքին տարավ թուրքերի բերան։ Այդ ժամանակ թող մտածեր, որ ներողություն պետք է խնդրի ու կանգնեցներ պատերազմը, ոչ թե այսքան երեխաներ զոհվեին ու մենք այս օրին հասնենինք։ Ինչո՞ւ պետք է այսքան սգավոր ծնողներ գան, հասնեն այստեղ ու կանգնեն, դա պատշաճ չէ», - ասաց նա։Նա նշեց, որ Փաշինյանի ներողությունը, որը նա երեկ է հնչեցրել իր «գունագեղ» արտահայտության համար, ծնողներին պետք չէ։

Կառավարության շենքի մոտ հավաքված ծնողները պահանջում են, որպեսզի իրենց ներկայացնեն սեպտեմբերի 21-ի «տոնակատարության» ծրագիրը, որպեսզի ծնողները հասկանան, թե ինչ «կերուխում» է նախապատրաստում իշխանությունը։

«Ես չեմ ուզում կերուխում անեն, որովհետև այդ կերուխումին մեր երեխաները ներկա չեն», - ասաց ընկած հերոսներից մեկի ծնողը։

Ծնողներից մեկն էլ նշեց, որ Փաշինյանը կարող էր այլ կերպ արտահայտվել, ինչը ընկալելի կլիներ բոլորի համար։

Նմանատիպ նյութեր