211652_close_icon
views-count14105 դիտում article-date 19:22 17-09-2021

Արգավանդ-Շիրակ կամրջի շինարարությունն ավարտական փուլում է

Երևանի  5-րդ խոշոր կամուրջն արևմտյան օղակաձև ճանապարհի ամենապատասխանատու կառույցն է: Հրազդան գետի վրա կառուցվող 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ մետաղական կամրջի շինարարությունն ավարտական փուլում է. տեղադրվում է կամրջի վերջին հենարանը:
 
«Ընդհանուր աշխատանքների ծավալի 70 տոկոսն արդեն ավարտել ենք: Կամրջի հիմնասյուները վերջացրել ենք, արդեն մի փոքր հատված է մնացել, որ հասնենք Հրազդան գետի մյուս ափին: Կարծում եմ, մի քանի ամիս կպահանջվի, որպեսզի ամբողջական ճանապարհը վերջացնենք և կարողանանք Երևանում հանձնել 5-րդ՝ Արգավանդ-Շիրակ կամուրջը»,-նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

«Այս պահին մոնտաժվում են հարևան Վրաստանում հավաքված հեծանները: Հաջորդ փուլում կտեղադրվեն հատուկ սալիկներ, և վերջնականապես կամրացմացվի կառույցը: Գետնից կամրջի բարձրությունը ամենաբարձր կետում կլինի 21մ: Մետաղական այսպիսի կամուրջը կծառայի 100-120 տարի: Սա իսկապես շատ կարևոր ճանապարհ է լինելու Երևանի համար, որը հնարավորություն կտա մարդկանց 20 րոպեի փոխարեն 2-3 րոպեում հասնել գետի մյուս ափը»,-նշում է նախագծի մոնտաժման կառավարիչ Նիկոլոզ Ձիգավան:

Նոր կամուրջը կկապի Արգավանդը Շիրակ փողոցին: Ճանապարհի այս հատվածի երկարությունը 2.7 կմ է, լայնությունը՝ 26մ: Նշենք, որ Իսակով-Բաբաջանյան փողոցների հատման հանգույցում կառուցվել է նաև ուղեանց: Աշխատանքների ընթացքն ու որակը տեղում հսկում են ծրագրի գործընկեր միջազգային կառույցները:

«Կամուրջը և ամբողջ ճանապարհը նախագծվել և կառուցվում է եվրոպական բոլոր չափորոշիչներին համապատասխան: Այդ պատճառով մենք վստահ ենք, որ այն լինելու է որակյալ»,- ասում է վերահսկող կազմակերպության թիմի ղեկավար Պիեռ Մորիսը:

«Երևանի քաղաքապետարանը և կապալառուները քրտնաջան աշխատում են, և, կարծում եմ, առաջընթացը գերազանց է: Ելնելով իմ փորձից՝ կարող եմ ասել, որ քաղաքային ծրագրերը, քաղաքային ճանապարհները շատ բարդ ծրագրեր են: Եվ այս առումով, կարծում եմ, որ Երևանն իրականացրել է հիանալի, անհավատալի աշխատանք: Ինքս էլ սպասում եմ, թե երբ է շինարարությունն ավարտելու և երբ եմ այս ճանապարհով մեքենա վարելու: Ասիական զարգացման բանկն արժևորում է ներդրումները, որովհետև աշխատանքները, օգտագործվող նյութերն ու տեխնոլոգիաները պետք է լինեն բարձրորակ և հնարավորին քիչ ազդեցություն թողնեն շրջակա միջավայրի վրա»,- նշում է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին:

23 կմ երկարությամբ Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհը մայրաքաղաքի հյուսիսն ու հարավը կապող գլխավոր ուղին կդառնա: Այն կլինի ժամանակակից, ԼԵԴ լուսավորությամբ, առանց երևացող հաղորդուղիների, հարմարավետ երթևեկելի գոտիներ:

Կունենանք ամբողջական ճանապարհ, որը հնարավորություն կտա Աշտարակից, շրջանցելով քաղաքի կենտրոնը, հասնել մինչև Արգավանդ և կամրջի ավարտից հետո Շիրակի փողոցով միանալ Արարատի մարզին: Դրա շնորհիվ Երևանում կնվազեն խցանումները, ինչը մեծ նշանակությունն կունենա նաև քաղաքի ուղևորափոխադրումը ճիշտ կազմակերպելու տեսակետից:

Կամրջի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ: Հիմա մեծ թափով շարունակվում է շինարարությունը նաև ճանապարհի մյուս՝ Բաբաջանյան-Աշտարակ հատվածում:

Տեսանյութն՝ ասյտեղ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր