211652_close_icon
views-count5492 դիտում article-date 22:22 11-10-2021

Ինձ հեռացնում են ԲԴԽ-ից, քանի որ չեմ մասնակցել որեւէ քաղաքական պատվերով դատական ակտ կայացնելուն. Վարդազարյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 11-ին, հետաձգվել է ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը։

NEWS.am-ի հետ զրույցում Վարդազարյանը հայտնեց, որ ինքը եւ իր պաշտպանները որեւէ եղանակով չեն ծանուցվել. «Ես չեմ ծանուցվել, փաստաբանները նույնպես չեն ծանուցվել։ Մենք չենք ստացել ինչպես էլեկտրոնային եղանակով, այնպես էլ փոստային տարբերակով, հեռախոսով էլ չեն ասել։ Այսինքն՝ որեւէ եղանակով չեմ ծանուցվել»։

Անդրադառնալով իր վերաբերյալ քրեական գործին՝ Ռուբեն Վարդազարյանն ասաց. «Ես այստեղ քրեական գործ չեմ տեսնում, դրա համար էլ նախաքննությունը կա տեւեց, որովհետեւ մեղադրանքի հիմքում ընդամենը մեկ ցուցմունք է»։

Հարցին՝ արդյոք իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվո՞ւմ, Վարդազարյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ այո, ես դա կփորձեմ ապացուցել դատական նիստի ընթացքում։ Երբ բոլոր ապացույցները կհրապարակվեն, ես այդ ապացույցների համադրությամբ կապացուցեմ, որ այդ գործընթացը մեկ նպատակ ունի՝ հեռացնել ինձ Բարձրագույն դատական խորհրդից»։

Հարցին՝ ինչո՞ւ են ուզում իրեն հեռացնել Բարձրագույն դատական խորհրդից, Վարդազարյանն ասաց. «Ես չեմ թույլատրել, ինքս չեմ մասնակցել որեւէ քաղաքական պատվերով դատական ակտ կայացնելուն։ Ես կողմնակից եմ եղել ապաքաղաքական դատական իշխանություն ունենալուն, ես դա սրբորեն պահել եմ»

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Նմանատիպ նյութեր