211652_close_icon
views-count25522 դիտում article-date 17:44 14-10-2021

Հանգանակված ողջ  գումարը, ԵՀՄ որոշմամբ, կհատկացվի Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներին՝ ուսման ծախսերը հոգալու համար․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 9-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի Հայերի Միության համաժողով, որին ներկա էին եվրոպական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ Բելգիայից, Բուլղարիայից, Իսպանիայից և Ռուսաստանից։ Համաժողովին ներկա էր նաև Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար Մարիամ Գևորգյանը։ 

Համաժողովի օրակարգը ներկայացրեց ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանը:

Քննարկվեցին համայնքային, հայապահպանմանը, ազգային միասնությանը, Հայաստան-սփյուռք համագործակցությանը, միության գործունեության վրա համավարակի ազդեցությանը, Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությանը, ԵՀՄ ղեկավար կազմի Հայաստան-Արցախ այցին, Բարսելոնայում ԵՀՄ նորաստեղծ կենտրոնի կողմից իրականացվելիք, ինչպես նաև՝ Եվրոպայում հայկական դեսպանատների և հայ համայնքների միջև համագործակցության ծրագրեր և խնդիրներ:

Քննարկվեցին նաև հայկական համայնքների համար Հայ առաքելական եկեղեցու դերին և կարևորությանը վերաբերող հարցեր: 

Տեղի ունեցավ պարգևատրման արարողությամբ, որի ժամանակ ԵՀՄ պատվավոր անդամի կոչումով պարգևատրվեցին և հատուկ շնորհակալագրեր հանձնվեցին Միության մի շարք անդամներին և գործընկերներին:

Համաժողովից հետո՝ հոկտեմբերի 10-ին, կայացավ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված բարեգործական համերգ, որի ժամանակ հանգանակված ողջ  գումարը, ԵՀՄ որոշմամբ, կհատկացվի պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներին՝ ուսման ծախսերը հոգալու համար:

Համերգին ելույթով հանդես եկան Հայաստանից ժամանած երգիչ-երգչուհիներ՝ Վարդան Բադալյանը, Դավիթ Խաչատրյանը, Եվա Եգանյանը, դուդուկահար Հովհաննես Կարախանյանը, ինչպես նաև Բարսելոնայի «Հայք» պարային համույթը:

Երեկոն Վարում էր ԵՀՄ հայաստանյան ներկայացուցիչ Վարդան Թադևոսյանը:

Համերգային ծրագրի ավարտից հետո ԵՀՄ բարձրագույն հուշամեդալով հետմահու պարգևատրվեց Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված, Արցախի հերոս, իսպանաբնակ Արմեն Կնյազյանը: Հուշամեդալը հանձնվեց հերոսի կնոջն ու դստերը:

Երկօրյա այցի ավարտին ԵՀՄ անդամները, Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, ծաղկեպսակ դրեցին բարսելոնաբնակ հայ գործարար Արման Մայիլյանի նախաձեռնությամբ վերջերս «Սանտա Մարիա Ռեյնա» եկեղեցու բակում կանգնեցված Հայոց ցեղասպանությունը հիշատակող խաչքարի առջև։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր