211652_close_icon
views-count1626 դիտում article-date 20:22 14-10-2021

Ամրապնդելով դարավոր բարեկամությունը. Ընթերցողի սեղանին է դրվել սերբ մտավորական Լուկա Յոկսիմովիչ Բարբաթի հերթական աշխատությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բավականին վերջերս Հայաստանի Ազգային գրադարանում հանդիպեցի իմ վաղեմի բարեկամներից, սիրված մտավորական սերբահայ գրող Անուշ Բալայանի հետ, ով պատմեց մի շատ հետաքրքիր ու յուրօրինակ համատեղ աշխատանքի «Կրակագույն պատմվածքներ» աշխատության մասին: Ի նշան երախտիքի որոշեցի մի հետաքրքիր հարցազրույց պատմել գրքի մասին:

Այսպիսով խոսելով աշխատության մասին կարող ենք ասել,որ գիրքը հայերեն լեզվով է,որը սերբերենից թարգմանել է Անուշ Բալայանը:Սա հրատարակվել է «Հայաստան» հրատարակչությունում:Սա հեղինակի հայերեն թարգմանված երկրորդ գիրքն է՝ «Հայերը և սերբերը» գրքից հետո։Այսպիսով սույն թվականի հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում սիրված մտավորականների հետ,ովքեր ներկայացրեցին այս յուրօրինակ,բայց միևնույն ժամանակ հետաքրքիր աշխատությունը:

Այստեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ ինչպես նաև այս գեղեցիկ ցերեկույթը վարում,ինչպես նաև հանդիսատեսին հաճելի պահեր պարգևեց գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի աշխատակցուհի Լյուդմիլա Շիրվանյանը:Իր ելույթի սկզբում նա մի քանի խոսքով ներկայացրեց հեղինակի մասին:Լուկա Յոկսիմովիչ Բարբաթը գրող է, փիլիսոփա, մարդաբան, համակարգչագետ, երաժիշտ և թարգմանիչ:Ծնվել է 1956 թ., Բարբաթովացում, Սերբիա:

Ուսանել է փիլիսոփայություն և մարդաբանության մագիստրատուրա Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում:Արվեստի վարպետի կոչում է ձեռք բերել Նյու Յորքի Սոցիալական հետազոտությունների նոր դպրոցում որպես դոկտորանտ:Հումանիտար գիտությունների դոկտորի կոչումը ձեռք է բերել Բոսնիա և Հերցեգովինայի Բրչկոյի վարչական շրջանի Միջազգային համալսարանում: Դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է «Քննադատական մարդաբանության և փիլիսոփայության վերահաստատումը ժամանակակից պայմաններում» թեմայով:

Մասնագիտական երաժշտությամբ զբաղվում է 1978–1987 թթ.: 1987–1991 թթ. որպես հետազոտող աշխատակցում է Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ինստիտուտում։1992–2010 թթ. նվիրվել է ինֆորմատիկային. ինժեներների թիմի հետ մշակել է էկրանից կարդացող և ձայնի սինթետիզատոր սերբերենի և այլ լեզուների PC համակարգիչների համար: Ինֆորմատիկայի դասընթացներ է վարում տեսողության խնդիրներ ունեցողների հետ:2010 թ. Սերբիայի գրողների միության անդամ է:

Նրա գրական աշխատանքները (պատմվածքներ և բանաստեղծություններ) տպագրվել են գրական ամսագրերում և ժողովածուներում:Հրատարակած գրքերն են՝ «Կրակագույն պատմվածքներ» (2009, թարգմանաբար լույս է տեսել գերմաներեն 2011 թ.), «Խուզած ոչխարների մոտ» վեպը (2013): Բարբաթի որոշ պատմվածքներ լույս են տեսել երկու գերմաներեն ժողովածուներում, իսկ որոշ պատմվածքներ, բանաստեղծություններ և աֆորիզմներ թարգմանվել են սլովեներեն և հայերեն:Զբաղվում է հասարակական-հումանիտար աշխատանքով: «Ակցիա կույրերի համար» կազմակերպության նախագահն է:

Անուշ Բալայանը ծնվել է 1965 թվականին Երևանում: Սովորել է «Դավիթ Անհաղթ» Հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնում: 1995 թվականին տեղափոխվել է Բելգրադ,որտեղ ապրում ու ստեղծագործում է այստեղ`ներկայացնելով հայ մշակույթը սերբ ժողովուրդին,իսկ Սերբիայի` հայերին:Այդ տարիներին բանաստեղծությունները տպագրվել են տարբեր օրաթերթերում:

Նույն թվականին մասնակցել է Գրողների միջազգային հանդիպմանը,այնուհետև «Սիրո խոսք» պոեզիայի 3-րդ միջազգային փառատոնին Դեսպոտովացում: «Սերբ գրողները հայրենիքում և սփյուռքում», ինչպես նաև «Պոետ» գրողների միության անդամ է: Զբաղվում է թարգմանչական գործունեությամբ,մասնավորապես՝ հայերենից սերբերեն ու սերբերենից հայերեն լեզուներով:Գրքի ու հեղինակի ստեղծագործությունների,ինչպես նաև հայ-սերբական հարաբերությունների մասին ելույթ ունեցավ «Հայաստան» հրատարակչության տնօրեն, գրքի խմբագիր  Վահագն Սարգսյանն,ով իր խոսքում նշեց. «Լուկայի արձակը ճշգրիտ և զտված է արտահայտում միտքը։ Այդ պատճառով էլ հեշտությամբ և բավարարության զգացումով է այն ընթերցվում։ Աշխարհը, որ մեզ ներկայացնում է Բարբաթը, թվում է հայտնի, ինչու չէ՝ մտերմիկ։

Նրանում ամեն ինչ վստահելի է, հատկապես՝ հերոսները, որոնք ներկայացվում են պատկերավոր»:Բարբաթի արձակը կարևորեց ու նրա ստեղծագործությունների,ինչպես նաև հայ-սերբական հարաբերությունների մասին խոսեց սիրված մտավորական,«Հայերը և սերբերը» գրքի համահեղինակ բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը:Պատմվածքների թարգմանության ու հրատարակության մասին խոսեց Անուշ Բալայանը՝նշելով,որ սրանք մասամբ թարգմանված հրատարակվել են հայկական մի շարք ամսագրերում:Ցերեկույթի վերջում միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին ուղղված շնորհակալալական ելույթով հանդես եկավ գրքի հեղինակը՝հույս հայտնելով,որ մոտ ժամանակներս կներկայանա նոր աշխատանքներով:Շնորհանդեսի վերջում կիթառային գեղեցիկ կատարումով հանդես եկավ Լուկա Բարբաթն՝երգելով սերբերեն, իտալերեն ու հայերեն հայտնի ու սիրված երգեր: Միջոցառումից հետո զրուցեցինք գրքի թարգմանչի հետ:

 -Նախ թույլ տվեք շնորհավորել այս հրաշալի առիթով:
-Շատ շնորհակալություն:
-Ինչպես եք ծանոթացել գրքի հեղինակի հետ
Լուկա Յոկսիմովիչ Բարբաթին ծանոթացա 2014 թ։ Լինելով նաև երաժիշտ՝ նա Հրավիրված էր կատարելու որևէ երաժշտական համար իմ բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսին։ Այդ ժամանակվանից էլ մենք շարունակել ենք համագործակցել։ Ես թարգմանել եմ  նրա գրվածքները, որոնք լույս են տեսել հայկական պարբերականներում։
-Ինչի՞ մասին է գիրքը, ովքե՞ր են գրքի հերոսները, ինչպիսի՞ն է գլխավոր հերոսը։ 
Այժմ սերբերենից թարգմանել եմ Լուկա Յոկսիմովիչ Բարբաթի պատմվածքների ժողովածուն, որի վերնագիրն է «Կրակագույն պատմվածքներ»։ Պատմվածքները բազմաժանր են և իրարից տարբերվում են իրենց հերոսներով։ Թեմատիկ առումով՝ սովորական առօրյայի նկարագրումից անցում են կատարում փիլիսոփայական մտորումների, հումորային բովանդակությունից՝ դետեկտիվ ժանրի։
 -Ինչու կրակագույն պատմվածքներ,ինչպես կբնութագրեք վերնագիրը:
-Թեկուզև իրարից տարբեր են, այնուամենայնիվ պատմվածքները, ինչպես նշում է հեղինակը, ամենախոր մակարդակում իրար են կապված կրակով, այսինքն՝ էներգիայով, կամ այլ կերպ ասած՝ ներկված են կրակով։
Իսկ ի՞նչ ուղերձ ունի գիրքը: Ինչի՞ մասին է այն պատմելու իր ընթերցողին։ 
-Թվում է՝ գիրքը գրված է դյուրըմբռնելի լեզվով և ոճով, բայց թարգմանելիս երբեմն վերծանել ենք իմաստը, որպեսզի խուսափենք թյուրիմացությունից։ Քանի որ գրքի հեղինակը փիլիսոփա է և մարդաբան, ուստի նրա պատմվածքները սովորական են, և միաժամանակ, անսովոր։
Պատրաստվո՞ւմ եք գիրքը թարգմանել նաեւ այլ լեզուներով:
-Գիրքը թարգմանված է նաև գերմաներեն և սլովեներեն։
-Խոսք ուղղված ձեր ընթերցողներին:
-Ջերմորեն առաջարկում եմ հայ ընթերցողին «Կրակագույն պատմվածքներ» գիրքը, ակնկալում նաև նորանոր ստեղծադործություններով հանդիպել նրան։

Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Հայաստանի ազգային գրադարանի ու Անուշ Բալայանի ֆեսյբուքյան էջի



 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր