211652_close_icon
views-count63386 դիտում article-date 21:22 18-10-2021

Նոր մանրամասներ՝ Արարատի մարզի Դալար գյուղում տեղի ունեցած 30-ամյա երիտասարդի սպանությունից. վենդետայի կազմակերպիչներից 2-ը ձերբակալվել են, իսկ «Ֆիգարո» մականվամբ տղամարդը ստորագրությամբ բաց է թողնվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի, Մասիսի, Արարատի բաժինների ծառայողները տաք հետքերով հայտնաբերել և ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի Դալար գյուղի մի քանի բնակիչների:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝  29-ամյա  Էդգար Պետրոսյանը,  47-ամյա  Արտակ Պետրոսյանը,  49-ամյա Վարդան Պետրոսյանը,  ովքեր այնուհետև ոստիկանության Արտաշատի բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Վերջիններս կասկածվում են հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում, Դալար գյուղի բնակիչ,  20-ամյա Սերյոժա Սիմոնյանի տունը դիտավորությամբ  հրկիզելու մեջ: Ս. Սիմոնյանը նույն օրը ոստիկանների կողմից հայտնաբերվել էր Դալար գյուղի բնակիչ,  30-ամյա Գևորգ Պետրոսյանին սպանելու կասկածանքով:

Տեղեկանալով՝  ով է սպանություն կատարողը, Վ. Պետրոսյանը և 39-ամյա Գրիգոր Պետրոսյանը  շուրջ 10 այլ անձանց հետ մոտեցել են սպանության կասկածանքով ձերբակալված Ս. Սիմոնյանին պատկանող տանը, որտեղ հսկողություն կատարելիս են եղել ոստիկանության Արտաշատի բաժնի մի քանի ոստիկաններ, ու չենթարկվելով ոստիկանների  օրինական պահանջներին, կոտրել են տան պատուհանները, ապա հրկիզել այն:

Ահազանգով օպերատիվորեն հրդեհի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից  2 մարտական հաշվարկի փրկարարներին մի պահ անգամ արգելել են մոտենալ հրդհի վայր, սակայն որոշ ժամանակ անց ոստիկանական  լրացուցիչ ուժերի ժամանումից հետո հրշեջները կարողացել են իրենց աշխատանքը կատարել, սակայն տան գրեթե գույքի մեծ մասը վերածվել է մոխրակույտի:

Դեպքի վայր էր ժամանել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ Է. և Ա. Պետրոսյանները ձերբակալվել են, իսկ Վ. Պետրոսյանը, ով գյուղում հայտնի է «Ֆիգարո» մականվամբ, ստորագրությամբ բաց է թողնվել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են արդեն՝ ով է հրկիզումը կատարել: Նա նույն գյուղի բնակիչ, 31-ամյա Գոռ Պետրոսյանն է:

Ձեռնարկվում են  անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Գ. Պետրոսյանին, ինչպես նաև դեպքին մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 16-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայոթյան 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դալար գյուղի Գրիբոյեդով փողոցի տներից մեկում հրդեհ է։

Օպերատիվորեն ժամանել էին Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ըստ նախնական տեղեկությունների՝ նշված տունը անհայտ անձը կամ անձինք հրկիզել էին, և այդ տունը պատկանում էր նշված գյուղի բնակիչ՝ 20-ամյա Սերյոժա Սիմոնյանին, ով այդ օրը քննիչի որոշմամբ ձերբակալվել էր համագյուղացուն՝ 30-ամյա Գևորգ Պետրոսյանին սպանելու կասկածանքով։

Գյուղ էին ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի, Արարատի, Մասիսի, ոստիկանության մեծ թվով ծառայողներ, քանի որ գյուղացիները մի պահ արգելել էին հրշեջներին, որպեսզի մոտենան հրդեհի վայրին։

Գյուղ էին ժամանել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ՝ ժողովրդին հայտնի «սև բերետներ»ը։

Հրշեջները տեղում աշխատել էին, սակայն իրավիճակը գյուղում լարված էր։ Սպանվածի մասին էլ գյուղացիները նշել էին, որ նա գյուղի ամենահարգված ու սիրված երիտասարդներից էր. երբևէ վատ կողմեր չէր ունեցել ու զայրույթ ու զարմանք էին ապրել, թե ինչու էր նա սպանվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով աշխատանքից ազատվել էր ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 162+
162+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր