211652_close_icon
views-count4310 դիտում article-date 12:32 19-10-2021

Անձի ցանկությամբ կնշվի ծննդավայրը՝ գյուղ, քաղաք, մարզ, ինչն անհրաժեշտ է միջազգայնորեն չճանաչված պետություններում կամ վիճարկելի տարածքներում ծնված անձանց իրավունքներն իրացնելիս. Ոստիկանություն. Tert.am

ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետ Իրինա Մկրտչյանը ներկայացրել է պարզաբանում անձնագրերին առնչվող ՀՀ կառավարության վերջին օրենսդրական նախագծերին, հայտնում է Tert.am-ը։

Անդրադառնալով այն կարգավորմանը, որ նախատեսվող փոփոխությամբ 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կտրամադրվի մինչև 19 տարին լրանալը, Մկրտչյանը պարզաբանել է.

«Ներկա կարգավորումների համաձայն 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը, նշված նորմի կիրառումն անձանց համար առաջացնում է մի շարք խնդիրներ ՀՀ-ից դուրս իրենց իրավունքների իրացման շրջանում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է օտարերկրյա պետություններում կրթության իրավունքի, միջազգային սպորտային մրցումներին մասնակցելու կամ առողջության հետ կապված խնդիրների լուծման դեպքում: Անձնագրի ժամկետի սահմանափակման պատճառով այդ անձինք մշտապես բախվում են խոչընդոտների, որոնք կլուծվեն առաջարկվող փոփոխությամբ»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ գործող օրենսդրությամբ անձնագրում ծննդավայր նշվում էր՝ երկիրը, իսկ նախատեսվող փոփոխությամբ արդեն քաղաքացու ցանկությամբ կարող է նշվել քաղաքը, Մկրտչյանն ասել է.

«Այս փոփոխությունը նախատեսվում է՝ ելնելով մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների իրացման նպատակից, և այստեղ անհարկի շահարկումներ իրականացնելը ճիշտ չէ: Ներկայումս գործող իրավակարգավորումներով հստակեցված չէ ծննդավայրի նշման որևէ հստակ պահանջ, որի կապակցությամբ որպես ծննդավայր նշվում է պետությունը: Առաջարկվող փոփոխությամբ անձի ցանկությամբ կնշվի ծննդավայրը՝ գյուղ, քաղաք, մարզ, ինչի անհրաժեշտությունն առաջանում է միջազգայնորեն չճանաչված պետություններում կամ վիճարկելի տարածքներում ծնված անձանց իրավունքներն իրացնելիս: Նշված փոփոխությամբ կկարգավորվի նաև այդ անձանց իրավունքների իրացումը»:

Նա որպես նախագծում առկա կարևոր փոփոխություն առանձնացրել է ՀՀ Կառավարության 199-ի դեկտեմբերի 25 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետի երկարաձգումը, որն ապահովելու է անձը հաստատող ճամփորդական փաստաթղթի անընդհատականությունը և նպաստելու է քաղաքացիների իրավունքների անարգել իրացմանը: «Ներկայումս անձնագրի տրման ժամկետը սահմանված է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, այս փոփոխությամբ կերկարաձգվի մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը»,-ասել է Մկրտչյանը:

Նա նշել է նաև , որ անգիտակից վիճակում գտնվող անձանց անձնագրավորման գործընթացը դյուրացվել է:

Անդրադառնալով 1998 թվականի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծին, որով նախատեսվում է անձնագրի վավերականության ժամկետը սահմանել երկու տարի՝ ներկայում գործող 10 տարվա փոխարեն, Մկրտչյանը պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է միայն կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագրերի ժամկետին, ոչ թե կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերին, որոնք ինչպես տրվել են նախկինում 10 տարի ժամկետում, այդպես էլ շարունակելու են տրամադրվել նույն ժամկետով: «Եվ այս պարագայում խոսք չի կարող լինել ՀՀ քաղաքացիների ճամփորդելու իրավունքը սահմանափակելու մասին»,-նշել է նա:

Անդրադառնալով հարցին, որ թթե քաղաքացին 5 կամ 10 տարվա վիզա ունի այս կամ այն երկիր մուտք գործելու համար, այդ դեպքում նա ի՞նչ պետք է անի, Մկրտչյանը նշել է, որ օտարերկրյա պետության մուտքի թույլտվության ժամկետը որևէ կերպ չի առնչվում անձնագրի ժամկետի հետ: 

Այն հանգամանքի առնչությամբ էլ, որ եթե քաղաքացին այս պահին ունի անձնագիր, որը դեռ 8 կամ 10 տարի վավեր է լինելու, այդ պարագայում ի՞նչ պետք է անի, Մկրտչյանը պարզաբանել է. «Եթե քաղաքացին արդեն իսկ ստացել է 10 տարով իր անձնագիրը, ապա այն շարունակելու է գործել մինչև վավերականության ժամկետի ավարտը, սակայն եթե այդ ժամկետում քաղաքացին կորցնի իր անձնագիրը կամ դիմի փոխանակման համար, տվյալ դեպքում արդեն կտրամադրվի երկու տարի ժամկետով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր