211652_close_icon
views-count4752 դիտում article-date 21:54 26-10-2021

Երևանում կտեղադրվի Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի արձանը

Երևան քաղաքի Մոսկովյան, 3 հասցեում՝ Երևանի քաղաքապետարանի «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տարածքում, կտեղադրվի 20-րդ դարի լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյանի արձանը:

Այս մասին որոշումը Երևանի ավագանու անդամները կայացրին հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստի ժամանակ: Նախագծին «կողմ» քվեարկեց ավագանու 33 անդամ, «դեմ»՝ մեկը, երկու անդամ «ձեռնպահ» մնաց:

Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Ասիական խաղերի, Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի արձանը տեղադրելու մասին միջնորդությունը ներկայացրել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Նիստին խոսելով Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի մասին, որը պետք է հիմնանորոգվեր՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ այն հիմնանորոգել հնարավոր չէ, քանի որ շենքը վթարային է: «Պարոն Ազարյանի հետ նոր դպրոցի համար տարածք ենք փնտրել և գտել ենք: Այն հետաքրքիր սպորտային միջավայր ունի: Խոսքը Ծիծեռնակաբերդի խճուղուն հարակից տարածքի մասին է: Պարզեցինք, որ այնտեղ կա համայնքային հող, այժմ հստակեցվում են սահմանները»,-պատմեց Մարությանը:

Մարզադպրոցի համար ընտրված տարածքն առանձնահատուկ է, որովհետև կան հուշարձանային շենքեր: Որակյալ շինություն ստանալու համար քաղաքապետարանը նախ հայեցակարգերի մրցույթ կհայտարարի, որոնց հիման վրա պատրաստելով նաև տեխնիկական առաջադրանքը՝ արդեն կկարողանան նախագիծը մրցույթի դնել:

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն` օղակների վրա Ալբերտ Ազարյանի կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։ 1952 թվականին նա առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն օղակներից։ Անվանի մարզիկը 1953 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել է միջազգային մրցումների Չինաստան, Ֆրանսիա, իսկ 1954 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում աշխարհի առաջնության մրցումներին և դարձել աշխարհի չեմպիոն օղակներից։ 1955 թվականին Արևելյան Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնության մրցումներին և նվաճել երկու մեդալ՝ օղակներից և զուգափայտից: 1956 թվականին Ավստրալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում՝ օղակներից։ 1960 թվականին Իտալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1961 թվականին ԱՄՆ-ում մասնակցել է միջազգային մրցումների, որից հետո հանդես է եկել Կուբայում։ 1963 թվականին մասնակցել է Ինդոնեզիայում Ասիական երկրների փոքր օլիմպիական խաղերին, որտեղ նվաճել է երկու ոսկե մեդալ՝ օղակներից ու պտտաձողից և դարձել բացարձակ չեմպիոն։ Այսպիսով՝ մասնակցել է մրցումների աշխարհի 49 երկրներում, նվաճել 45 ոսկե, 42 արծաթե և 10 բրոնզե մեդալներ: ԽՍՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման, որից 9-ը՝ օղակների համարով: 1964-2000 թվականներին եղել է օլիմպիական խաղերի պատվավոր հյուր: Նրան շնորհվել են ԽՍՀՄ վաստակավոր վարպետի, միջազգային վարպետի, միջազգային կարգի մրցավարի, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պատվավոր պրոֆեսորի կոչումներ: 2000 թվականին ճանաչվել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկը: Հանդիսանում է ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահը:

Նմանատիպ նյութեր