211652_close_icon
views-count1293 դիտում article-date 19:52 27-10-2021

«Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ Մալիշկա գյուղում բացվեց 4-րդ «Ռուսական կենտրոնը». ՖՈՏՈՌԵՊԽՈՐՏԱԺ

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում բացվեց չորրորդ կրթամշակութային «Ռուսական կենտրոնը»։

Կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրեցին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և ֆինանսական բարերար Արամ Աբրահամյանը։

Ռուսերենի անվճար դասընթացներ, քննարկումներ գրականության, արվեստի մասին, կինոդիտումներ՝ կրթական կենտրոնը ռուսական մշակույթի տարածման հարթակ է, որը համախմբում է երիտասարդությանը և ստեղծում կրթական ժամանց։

Մալիշկայում հոկտեմբերի 1-ից  արդեն մեկնարկել են Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի ռուսերենի անվճար դասընթացները, որի ավարտին մասնակիցները կստանան սերտիֆիկատներ։

«Մենք գիտակցում ենք Հայաստանի մարզերում ռուսաց լեզվի և մշակույթի զարգացման կարևորությունը և վստահ ենք, որ կենտրոնը կնպաստի արդյունավետ զարգացման: Մենք ընդլայնում ենք ռուսական կենտրոնների աշխարհագրությունը և ցանկանում ենք նման կրթական հարթականեր ստեղծել Հայաստանի բոլոր մարզերում։ Դասընթացները Մալիշկայում ևս շատ պահանջված էին, ցանկացողների քանակը ավելանում է, այդ իսկ պատճառով նոյեմբերի 1-ից կմեկնարկի ռուսերենի անվճար դասընթացների 2-րդ խումբը», - ասաց Երևանում «Դոմ Մոսկվի» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

«Տեխնոլոգիական այս դարում գիտելիքը շարժիչ ուժ է, որը որոշում է մեր ապագան։ Ռուսական կենտրոնը ոչ միայն ռուսերենի գիտելիքների բարելավման հարթակ է, այլև ամրապնդում է երկու ժողովուրդների գործըկերությունը՝ կրթության, մշակույթի, գիտության բնագավառում», - ասաց  Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։

ՀՀ-ում ՌԴ դեսպանի խորհրդական Դմիտրի Կազմինը դեսպանի անունից շնորհավորեց կենտրոնի բացման առթիվ և նշեց, որ սա Ռուսաստանի և Հայաստանի  միջև հումանիտար համագործակցության հերթական քայլն է։ Վերջինիս խոսքով, կենտրոնի գործունեությունը պետք է ուղղվի երկու երկների միջև հարաբերությունների ամրապնդմանը։

Կենտրոնում ներկայացված է կրթական նյութերի մեծ բազմազանություն, որոնց միջոցով հնարավոր է ճշգրիտ և բաց տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի մասին ամենատարբեր ոլորտներում։ Կենտրոնը կահավորված և հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել ինտերակտիվ դասեր և քննարկումներ։

Հիշեցնենք, որ սա Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ բացված չորրորդ «Ռուսական կենտրոնն» է։ Առաջինը գործում է Երևանում՝ Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասնաճյուղում, երկրորդը՝ Վանաձորում, երրորդը՝ Արմավիրում։

Կենտրոնի բացումից հետո Եղեգնաձորի «Մշակույթի տանը» կայացավ Երիտասարդական օպերային ծրագրի համերգը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին։ Ծրագրի ղեկավարն է Լևոն Ջավադյանը։ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի կողմից իրականացվող համերգային ծրագիրը շարունակվելու է Հայաստանի տարբեր մարզերում։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր