211652_close_icon
views-count5375 դիտում article-date 16:16 28-10-2021

«Գազելների» տրամաբանությանը վերադարձ չի լինելու. պետք է էլեկտրաավտոբուսների մուտքը լինի քաղաք. Նիկոլ Փաշինյան

Իհարկե Երևանի ավտոբուսային պարկի պահանջարկը շատ ավելին է, եթե չեմ սխալվում, մոտ 700 ավտոբուսի անհրաժեշտություն կա: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի եւ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը, որով պետք է ձեռք բերվի 100 հատ 12 մետրանոց նոր ավտոբուսներ:

Փաշինյանը նկատեց, որ մասնավոր հատվածնի ներգրավվածությամբ են խնդիրը լուծելու, միասնական տոմսային համակարգով է աշխատելու համակարգը. «Այս որոշումներով մենք հարցը կլուծենք միջնաժամկետում, բայց երկարաժամկետում պետք է կարողանանք արմատական լուծման հանգել, եթե մենք ուզում ենք ունենալ ժամանակակից, քաղաքակիրթ համակարգ։ Ավտոբուսների շահագործման ժամկետը տասը տարի է։ Կառավարությունն այս վարկը վերցնում է, էլի միջոցներ կդրվեն, և մենք կգնենք անհրաժեշտ քանակի ավտոբուս, և 10 տարի հետո դրանք թարմացնելու կարիք է լինելու։

Այսինքն՝  պետական պարտքով տրանսպորտային համակարգ աշխատեցնելու խնդիրն է ծագում, սա որպես մեկնարկ ընդունելի, հասկանալի է, բայց մենք պետք է ունենանք համակարգ, որ որոշակի եկամուտներ գեներացնի, ես չեմ ասում 100 տոկոս, բայց այլապես կստացվի, որ մենք անընդհատ պարտք ենք վերցնում, որ տրանսպորտային համակարգ ունենանք։

Հակառակ դեպքում, կստացվի, որ մենք այս ավտոբուսները ձեռք ենք բերում, կառավարությունն այդ պարտքը փակելու է, ավտոբուսները մաշելու են, ու մենք 10 տարի հետո կանգնելու ենք այս նույն ելման կետի վրա ու ստիպված ենք լինելու որոշում կայացնել նորից նույն ճանապարհով գնալ կամ էլ վերադառնալ «գազելների» տրամաբանությանը: «Գազելների» տրամաբանությանը վերադարձ չի լինելու, մենք դա դեռ 2017 թվականին ենք խոստացել»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց՝ Երևանը պետք է ունենա պատշաճ տրանսպորտային համակարգ և պետք է հոգ տանենք, որ  էլեկտրաավտոբուսների մուտքը լինի քաղաք:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, թե սա առաջին գործարքն է, բայց այն տիրաժի ենթակա պայմանավորվածություն ու գործարք է. «Եթե մենք բնապահպանական նորմերով շարունակենք այս գործառույթը, մենք կարող ենք անսահմանափակ գործիքակազմով վերջնական լուծել տրանսպորտի հարցը Երևանում, իսկ հետո տարածել, մասնավորապես, Սյունիք»,- ասաց Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր