211652_close_icon
views-count934 դիտում article-date 10:25 02-11-2021

Ատեստավորել՝ այո, բայց ի՞նչ չափանիշներով․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս Հայաստանում ուսուցիչների կամավոր ատեստավորում է անցկացվել, որը հնարավորություն է տալիս նրանց մի մասին ավելի բարձր աշխատավարձ ստանալ. մեր երկրում աշխատող 37000 ուսուցչից 900-ն է մասնակցել, որոնց 53%-ը չի հաղթահարել ատեստավորման անցողիկ շեմը: Զուտ տեսականորեն՝ ուսուցիչների մեջ տարբերակում դնելը ճիշտ է, սակայն պետք է հասկանանք, թե ի՞նչ էր իրենից ներկայացնում կոնկրետ այս ատեստավորումը, եւ ի՞նչ հարց էին լուծում առաջարկվող թեսթերը:

Ես մեջբերում անեմ պատմության ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանի, ես կասեի, շատ տեղին գրված հոդվածից: Պարզելու համար, թե որքան լավ ուսուցիչ ես դու, առաջարկվում է պատասխանել հետեւյալ հարցին՝ որտեղի՞ց է վերցրած այս մեջբերումը. «Քաղաքից տեղում էին նետեր, ինչպես անձրեւն ամպերից, պարսատիկների քարերն անձրևի կաթիլների պես․․․ պարիսպներից թափվում էին ամբողջ տարին աղմկոտ սուլոցով։ Օրերն անցնում էին, ամիսները՝ երկարում․․․»։ Եթե դու գիտես, թե ո՛ր ճակատամարտի մասին է խոսքը, ուրեմն կստանաս 30 կամ 50 հազար դրամ ավելի բարձր աշխատավարձ, քան նրանք, ովքեր այդ մեջբերման աղբյուրը չգիտեն:

Բայց ամբողջ խնդիրն այն, որ եթե անգամ մարդը նման բան չգիտի, ապա դա իմանալը երկու րոպեի խնդիր է. copy է անում այդ տողերը, այնուհետեւ paste է անում google – ի մեջ եւ հարցի պատասխանն իմանում է: Հետեւաբար, որեւէ իմաստ չկա ինքնին այդ տեղեկությամբ ծանրաբեռնել ուսուցիչներին եւ աշակերտներին: Ենթադրում եմ, որ այդ թեսթերը կազմողները տարիքով ինձնից փոքր են, բայց նրանք, ըստ ամենայնի, ավելի շատ են վստահում 20-րդ դարի 70-ականների խորհրդային դպրոցին, քան ես: Դա մի համակարգ էր (բնականաբար, իր դրական կողմերով հանդերձ), որը հիմնված էր սերտելու, ոչ թե կիրառելի հմտություններ ձեռք բերելու վրա: Կարեւոր է ոչ թե շումերական կռիվներին վերաբերող մեջբերումը, այլ պետությունների, մարդկանց հարաբերությունների տրամաբանությունը, իրադարձությունների հերթականությունը եւ օրինաչափությունները:

Օրինակ բերեմ իմ մասնագիտությունից: Երեխաները պետք է սովորեն դասական երաժշտություն ոչ թե նրա համար, որ ընտանեկան երեկույթների ժամանակ կարողանան Մոցարտ նվագել (չնայած՝ եթե կարողանան, հոյակապ կլինի). հիմնական իմաստը հասկանալն է՝ «սա սրանից առաջ է», «սա սրանից հետո է», «սա կրկնվում է», «սա չի կրկնվում», «այս հատվածները հավասար են», «իսկ սրանք հավասար չեն»: Դա հսկայական եւ շատ կարեւոր աշխատանք է ուղեղի համար, որի մեծ մասն արվում է, իհարկե, ենթագիտակցաբար, բայց մի մասն էլ պետք է գիտակցական մակարդակ դուրս բերվի, եւ այդ դեպքում՝ օգնել հասկանալ իրադարձությունների «ռիթմը», դա արդեն հմուտ ուսուցչի գործն է: Պատահական չէ, որ սկսած Պլատոնի ակադեմիայից՝ երաժշտությունն ու մաթեմատիկան դասավանդվում էին զուգահեռաբար, եւ այդ ավանդույթը փոխանցվել էր նաեւ միջնադարյան համալսարաններ (այդ թվում՝ Հայաստանում):

Ես ընդհանրապես պատկերացնում եմ ապագա դպրոցը որպես «ուսուցման առարկաների» միասնականություն, երբ մի պատմական իրադարձության, կամ մի գեղարվեստական կերպարի մեջ կա ե՛ւ պատմություն, ե՛ւ գրականություն, ե՛ւ հոգեբանություն, ե՛ւ իրավունք: Երբ մի, պայմանականորեն ասած, հեծանիվի մեջ կա մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն: Անգամ ներկայիս ուսումնական պլանները եւ չափորոշիչները առանձնապես չեն կաշկանդում ուսուցիչներին՝ դասավանդել հենց այդ ոգով: Պարզապես պետք է ժամանակ (ավելի բարձր աշխատավարձ՝ ավելի քիչ ժամերի համար) եւ ստեղծագործական մոտեցում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր