211652_close_icon
views-count2286 դիտում article-date 15:03 03-11-2021

«Առաջիկա 5 տարում նախատեսում ենք կառուցել կամ վերակառուցել 300 դպրոց և 500 մանկապարտեզ». Նիկոլ Փաշինյանը ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության օրակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել  է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Փորթերին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը:

Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ ընդգծելով.  «ԱՄՀ հետ գործընկերությունը և նպատակային ծրագրերը, հատկապես հետպատերազմյան շրջանում ի ցույց դրեցին իրենց կարևորությունը և նպաստեցին մակրոտնտեսական կայունության պահպանմանը Հայաստանում: Տրամադրված ենք նույն ոգով շարունակել փոխգործակցությունը և պատրաստ ենք քննարկել հետագա համատեղ անելիքները»:

Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նշել է, որ կառույցը կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և վերահաստատում այն ընդլայնելու պատրաստակամությունը: Նա ընդգծել է, որ ԱՄՀ-ն կշարունակի օժանդակել ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների օրակարգին, այդ թվում՝ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության լավարկման, հանրային-մասնավոր ներդրումների համակարգի և գործարար միջավայրի ուժեղացման, ենթակառուցվածքների բարելավման, կրթության ոլորտի ռազմավարության իրականացման, կառավարման թափանցիկության բարձրացման, թիրախային միջոցառումների և ծրագրերի մշակման, հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Կառավարությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում նշված բոլոր, ինչպես նաև իր գործունեության ծրագրով նախանշված մյուս ուղղություններով:

Վարչապետն անդրադարձել է կրթության, ենթակառուցվածքների, ներդրումների, հանքարդյունաբերության, հարկաբյուջետային և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, մանրամասներ ներկայացրել ընթացիկ աշխատանքների եւ արդյունքների վերաբերյալ: Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ բարեփոխումները փոխկապակցված են, և մեկի արդյունավետ իրականացումից է բխում մյուսի հաջող ընթացքը: Վարչապետը շեշտել է, որ բարեփոխումների հիմքը կրթական ռեֆորմն է: Հենց այս տեսլականից ելնելով էլ՝ հավակնոտ ծրագրեր են իրականացվում կրթության ոլորտում, որոնք միտված են 3 բաղադրիչի ապահովմանը՝ կրթական բովանդակություն, ֆիզիկական ենթակառուցվածք և մասնագիտական բարձր որակավորում: «Առաջիկա 5 տարում նախատեսում ենք կառուցել/վերակառուցել 300 դպրոց և 500 մանկապարտեզ: Մեր հիմնական նպատակը Հայաստանի բոլոր մարզերում, բնակավայրերում բոլոր երեխաներին որակյալ կրթությունը հասանելի դարձնելն է: Այս համատեքստում զարգացնում ենք նաև հեռավար կրթության համակարգը: Նախաձեռնել ենք ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթաց, որը նաև կնպաստի աշխատավարձի համակարգի բարեփոխմանը», - ասել է վարչապետը:

Ինչ վերաբերում է ներդրումային միջավայրին, ապա այստեղ, Ն. Փաշինյանի խոսքով, աշխատանք է տարվում գնահատման արդյունավետ համակարգի ներդրման ուղղությամբ: Խոսելով հարկաբյուջետային քաղաքականության լավարկմանը միտված քայլերի մասին՝ վարչապետը հիշատակել է գերավճարների զրոյացումը, համահարթ եկամտահարկի համակարգի, գույքահարկի նոր համակարգի ներդրումը և կարևորել այս գործընթացում ԱՄՀ հետ սերտ համագործակցությունը:

Զրուցակիցներն արձանագրել են, որ կողմերի պատկերացումները ՀՀ-ԱՄՀ համագործակցության հետագա ընթացքի վերաբերյալ ընդհանուր առմամբ նույնական են և պայմանավորվել են շարունակել արդյունավետ գործընկերությունը:

 

Նմանատիպ նյութեր