211652_close_icon
views-count52223 դիտում article-date 22:37 07-11-2021

Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին պետք է կառուցի Հայաստանն իր տարածքում, Ադրբեջանն իր տարածքում. Նիկոլ Փաշինյան. News.am

Փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խումբը ահռելի աշխատանք է կատարել, ինչը ես բարձր եմ գնահատում. սկզբից քննարկվել է, թե ինչ ճանապարհներ են գոյություն ունեցել եւ ինչ ճանապարհներ կարող են գոյություն ունենալ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հանրային հեռուստաեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է News.am-ը:

Նրա խոսքով, նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ասվում է, որ բացվում են բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կոմունիկացիաները, որից հետո անդրադարձ կա, որ ՀՀ-ն երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցությունը Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ:

«Դրանից հետո խոսք է գնում կողմերի համաձայնությամբ նոր տրանպորտային կոմունիկացիաների կառուցման մասին: Սա նրա մասին է, որ գոյություն ունեցած կոմունիկացիաները պետք է բացվեն եւ եթե ժամանակի ընթացքում պարզվի, որ բեռնափոխադրումներն այնքան ծավալուն են, որ պետք է նոր կոմունիկացիաների մասին, այդ ժամանակ էլ դրա մասին պետք է մտածենք:

Ընդ որում, մեր ընկալումն այն է, որ այո, Ադրբեջանը պետք է ՀՀ տարածքով, ՀՀ սուվերեն ճանապարհներով հաղորդակցվի Նախիջեւանի հետ, որին մենք պատրաստ ենք, Հայաստանն էլ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի եւ Իրանի հետ հաղորդակցվելու հնարավորություն պետք է ունենա:

Նաեւ ըստ էության, մենք խոսում ենք նրա մասին, որ Ադրբեջանը հաղորդակցություն կունենա նաեւ Թուրքիայի հետ: Այսինքն չի կարող խոսքը լինել միայն ներքին հաղորդակցության մասին»,-հայտարարեց Փաշինյանը:

Նրա ներկայացմամբ, աշխատանքային խումբը գրել է, գծագրել է բոլոր հնարավոր երթուղիները՝ Իջեւան-Ղազախ հատված, Բերդ-Թովուզ հատված, Անգեղակոչ-Բիչենեկ հատված, Հորադիզ-Երասխ հատված, Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ հատված. «Մեր ընկալումն այն է, որ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին պետք է կառուցվի Հայաստանն իր տարածքում, Ադրբեջանն իր տարածքում: Նաեւ ավտոմոբիլային ճանապարհներ: Աշխատանքային խումբը սեղանին դրել է բոլոր հնարավոր ուղիները, նաեւ Ռուսաստան, Իրան հասանելիության ուղիները: Մենք հիմա պետք է քննարկումներով գանք համաձայնության այդ երթուղիների վերաբերյալ:

Տեխնիկական մասը, իրականում, ամենադժվար մասը չէ: Ամենադժվար մասը հենց բանաձեւերի խնդիրն է, թե ինչ բանաձեւերով կոմունիկացիաները պետք է աշխատեն:

Արձանագրված է, որ այդ սահմանային կետերում պետք է գոյություն ունենան մաքսային, անձնագրային, ֆիտո-սանիտարական կետեր:

Նորմալ գործընթացը գնում է, բայց կան դժվարությունները, կան նաեւ տեխնիկական հարցեր, որ աշխատանքային խումբը ներկայացրել է, թե որ տեխնիկական խնդիրը ոնց կարելի է լուծել, մնացածը մնում է քաղաքական որոշումների տիրույթում»,- հայտարարեց նա:

Նմանատիպ նյութեր