211652_close_icon
views-count2355 դիտում article-date 18:05 08-11-2021

«Դրախտի դարպասը» ֆիլմը ցուցադրվեց Միացյալ Նահանգների և Կանադայի մի շարք քաղաքներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երկար սպասումից հետո՝ սեպտեմբերի 17-ին, Լոս Անջելեսի «Ալեքս» կինոթատրոնում, հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ կայացավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի առաջնախաղը, որով սկսվեց ֆիլմի միջազգային ցուցադրությունների շարքը։ 

Ռեժիսորի խոսքով՝ «Դրախտի դարպասը» ֆիլմ է ավելի շատ` հայացքը դրսից դեպի Արցախը։Ամերիկյան պրեմիերայից հետո ֆիլմը ցուցադրվեց Բելգիայի Գենտ քաղաքում, նույն օրը նաև Դետրոյթում, հոկտեմբերի 8-ին՝ Նյու Ջերսիի Սուրբ Լևոն եկեղեցում, հոկտեմբերի 10-ին՝ Բոստոնի West Newton Cinema-ում։

Հոկտեմբերի 15-ին Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանի հովանո ներքո, Տորոնտոյի «Յորք» կինոթատրոնում տեղի ունեցավ «Դրախտի դարպասը» ֆիլմի նաև կանադական պրեմիերան, և նույն օրը մեկնարկեց ֆիլմի ցուցադրությունների շարքը՝ Մոնրեալի Cinémas Guzzo Méga-Plex Sphèretech-ում։ Կինոդիտողների մեծ լսարանի շնորհիվ ֆիլմի ցուցադրությունները Cinémas Guzzo-ում երկարաձգվեցին երկու անգամ՝ մեկական շաբաթով․ այն հասանելի էր կինոթատրոնում մինչև նոյեմբերի 4-ը։

«Դրախտի դարպասը» ֆիլմի ցուցադրությունները շարունակվեցին հոկտեմբերի 24-ին՝ Վաշինգտոնի (Կոլոմբիայի շրջան) Սուրբ Խաչ եկեղեցում, որին հաջորդող օրերին, ֆիլմի ստեղծագործական և պրոդյուսերական կազմի անդամներ՝ Ջիվան Ավետիսյանը, Նարինե Ոսկանյանը և Գարո Մադենլյանը հանդիպումներ ունեցան կոնգրեսականների հետ։
Ֆիլմը ցուցադրվեց նաև Սակրամենտոյում՝ հոկտեմբերի 27-ին, և հոկտեմբերի 28-ին՝ Սան Ֆրանցիսկոյի Elmwood Theater-ում։

«Դրախտի դարպասը» ֆիլմի ցուցադրությունները նպատակ ունեն նաև աջակցելու «Վերածնվածը» ֆիլմի ստեղծմանը, որի համար իրականացվում էր crowdfunding-ի արշավ՝ սկսած սույն թվականի մարտի 30-ից․ մեկնարկը տրվել էր՝ Kickstarter հարթակում, այնուհետև շարունակվել՝ Indiegogo հարթակում։  Նոյեմբերի 4-ին, յոթ ամիսների արշավը ազդարարեց հաջողակ ավարտ՝ ամբողջացնելով վերջին թիրախային նպատակը՝ $100 000-ը:

Ցուցադրություններին զուգահեռ, «Դրախտի դարպասը» ֆիլմն իր փառատոնային ճանապարհին նույնպես հաջողություններ գրանցեց՝ Օնտարիոյի (Կանադա) միջազգային կինոփառատոնում հաղթող ճանաչվելով միանգամից 4 անվանակարգերում («Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար», «Լավագույն միջազգային ֆիլմ»)։

Մինչ այս, ֆիլմը հասցրել էր Golden Music Awards-ում արժանանալ արծաթե մեդալի՝ ֆիլմի իտալացի կոմպոզիտոր՝ Միշել Ջոսիայի հեղինակած երաժշտության համար։ Ջոսիան նաև հայտնվել էր American Tracks Music Award-ի Best Score of the Month-ի եզրափակչում։

«Դրախտի դարպասը» ֆիլմը վերջերս ընգրկվել էր նաև ԱՄՆ-ի Las Cruces International Film Festival-ի, Ինդոնեզիայի Europe on Screen International Film Festival-ի, Իտալիայի Salento International Film Festival-ի պաշտոնական ծրագրերում։

Ավելի վաղ, ֆիլմն ընդգրկվել էր Մոսկվայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական, ոչ մրցութային ծրագրում, սակայն Արցախյան պատերզամի վերսկսման օրը` ժամեր անց, ադրբեջանական ճնշումների ազդեցությամբ, այն դուրս է հանվել ծրագրից։

«Դրախտի դարպասը» ֆիլմը Ջիվան Ավետիսյանի՝ արցախյան թեմատիկայով երրորդ լիամետրաժ ֆիլմն է։ Այն ութ երկրների համատեղ արտադրություն է․ Հայաստան, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Իտալիա, ԱՄՆ։

Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկվել են Ռիխարդ Զամելը՝ Գերմանիայից, Տատյանա Սպիվակովան՝ Ֆրանսիայից, Լեոնարդաս Պոբեդոնոսցևասը՝ Լիտվայից, Նաիրա Զաքարյանը՝ ԱՄՆ-ից, Սոս Ջանիբեկյանը՝ Հայաստանից և այլ սիրված դերասաններ Հայաստանից և արտերկրից։ Նկարահանումներն իրականացվել են Արցախում և Լիտվայում։
 
Ֆիլմի հայատանյան պրեմիերան կայացել է 2019թ. հոկտեմբերի 17-ին՝ Երևանում, «Ավրորա» ֆորումի շրջանակում, հոկտեմբերի 19-ին՝ Ստեփանակերտում։  
 
Համաշխարահային դիստրիբյուցիայի աշխատանքների առաջխաղացման համար «Դրախտի դարպասը» ֆիլմը մասնակցություն է ունեցել Գերմանիայում՝ 2019թ․ հոկտեմբերի 14-16-ը կայացած  European Work in Progress Cologne ծրագրին, ընդգրկվելով 59 երկրներից՝ 150 ներկայացված հայտերից՝ ընտրված  28-ի մեջ։
 
«Դրախտի դարպասը» ֆիլմի վաճառքի գործակալ, ֆրանսիական MPM Premium ընկերության միջոցով «Դրախտի դարպասը» ֆիլմը, Կաննի վիրտուալ կինոշուկայում (հունիս, 2020) առաջին անգամ ներկայացվել է գնորդներին և փառատոնի ծրագրավորողներին՝ ունենալով երկու ցուցադրություն։
 
2020թ․-ի մարտ ամսին պլանավորված ֆիլմի ամերիկյան պրեմիերան և հաջորդող ցուցադրությունները հետաձգվել էին ստեղծված համավարակային իրավիճակի, այնուհետև՝ վերսկսված պատերազմի պատճառով։

«Ամերիկայի ձայն»-ի անդրադարձը ֆիլմի ամերիկյան պրեմիերային։
«Ամերիկայի ձայն»-ի անդրադարձը ֆիլմի ցուցադրությանը՝ Նյու Ջերսիում։
Asbarez.am-ի անդրադարձը ֆիլմի ցուցադրությանը՝ Վաշինգտոնում։
Armenianweekly -ի անդրադարձը ֆիլմի ցուցադրությանը՝ Վաշինգտոնում։
Artsakhtert-ի անդրադարձը՝ Օնտարիոյի միջազգային կինոփառատոնում ֆիլմի հաղթանակներին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր