211652_close_icon
views-count1262 դիտում article-date 10:25 18-11-2021

Եթե կա ագրեսիա, ապա ցանկության դեպքում օգնողն օգնում է` առանց դիմումի․ Գոռ Հովհաննիսյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքից 41 քառակուսի կմ օկուպացրել է։ Ոմանք, ավելին, հայտարարեցին, որ երկիրը ենթարկվել է անեքսիայի։ Մինչդեռ միջազգային հանրությունից՝ ՄԱԿից, ԱՄՆ-ից, Եվրոպայի խորհրդից, լոկ հասցեական կոչեր են հնչեցնում` ուղղված Երեւանին եւ Բաքվին՝ զերծ մնալ բռնություններից։ ՌԴ արձագանքն էլ` Պեսկովի բերանով, այն է, որ կողմերի՝ զսպվածություն հանդես բերելու հարցում որոշիչ դերակատարում են ունեցել իրենց` Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերը։

Մենք զրուցել ենք իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի համալսարանի դոցենտ Գոռ Հովհաննիսյանի հետ:

ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ ագրեսիայի հարցով կդիմեն ՌԴ, եթե դաշնակիցը հրաժարվի օգնել, ապա՝ ՄԱԿ, ԵԱՀԿ։ Կասե՞ք, թե այդ կազմակերպություններին՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ՌԴ, որպես 1997-ին կնքված պայմանագրի կողմ, դիմելու ի՞նչ կառուցակարգեր կան։

Ես այդ ոլորտի մասնագետ չեմ, բայց մի բան կարող եմ ասել․ եթե մենք մի բան չենք ուզում անել, ապա հազար պատրվակ կարող ենք գտնել։ Իսկ եթե մի բան ուզում ենք անել, միջոց հաստատ կգտնենք։

Ըստ Ձեզ, ինչպե՞ս կարող է պատահել, որ ՀՀ ԱԽՔ-ն հայտարարի, որ դիմել են ՌԴ-ին, այնտեղից ասեն՝ չեն դիմել։ Ռազմավարական դաշնակից երկրների միջեւ նման անհեթեթություններ կարո՞ղ են լինել, բայց, ի վերջո, մի կողմի սուտ դուրս գալը ժամանակի խնդիր է։

Եթե Ռուսաստանը տեսնում է, որ հարձակում կա ՀՀ տարածքի վրա, բայց ասում է, թե բա պարտադիր գրավոր դիմում պիտի լինի, որ օգնեմ, ապա դա ինձ համար նշանակում է մի բան՝ ես չեմ ուզում օգնել։ Ամեն պետություն ցանկացած պահի անում է այն, ինչ իրեն այդ պահին ձեռնտու է։ Ու միջազգային իրավունքը ոչ մի դեր չի խաղում, որովհետեւ դիմումը ձեւական հարց է, ագրեսիան փաստի հարց է։ Եթե կա ագրեսիա, ապա օգնելու ցանկության դեպքում օգնողն օգնում է։ Իսկ եթե օգնելու ցանկություն չկա, պետք է մի բան հորինել, չէ՞։ Հիմա որ գրավոր դիմում ուղարկեն, կասեն՝ բա էստեղ պիտի ստորակետ լիներ, չեք դրել այդ ստորակետը, չենք կարող օգնել։ Իսկ եթե օգնելու ցանկություն լիներ, կօգնեին, ու ոչ ոք չէր էլ իմանա՝ գրավոր դիմում եղե՞լ է, թե՞ չի եղել․ երբ ուզեին, այդ ձեւական դիմումը կպատրաստեին, նաեւ` ավելի ուշ, ու հարցը կփակվեր»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր