211652_close_icon
views-count1440 դիտում article-date 16:06 10-12-2021

Պետք է հասկանանք, որ մուտք ենք գործում մարդկության համար բոլորովին այլ մի դարաշրջան, որն ունի մեկ ձևակերպում՝ քվանտային. նախագահ Արմեն Սարգսյանը առցանց մասնակցել է Ադա Լավլեյսի փառատոնին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Գերմանիայում անցկացվող Ադա Լավլեյսի (Ada Lovelace festival) փառատոնին, որն այս տարի անցկացվում է «Քվանտային աշխարհ» խորագրով:

Մաթեմատիկոս Ադա Լավլեյսի անունը կրող փառատոնը յուրահատուկ հարթակ է տեխնոլոգիական ոլորտի տաղանդավոր ներկայացուցիչների ու տեխնոլոգիաներով մեծապես հետաքրքրված անձանց համար և նպատակ ունի քննարկել տեխնոլոգիական փոփոխությունների ազդեցությունը կյանքի տարբեր ոլորտների վրա: Փառատոնին մասնակցում են Գերմանիայի կառավարության, տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:

Փառատոնի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է փոփոխվող աշխարհի մարտահրավերների և քվանտային քաղաքականության վերաբերյալ հարցերին:

«Այն, ինչի ականատեսը լինում ենք հիմա, ես անվանում եմ R-evolution, այսինքն՝ սրընթաց էվոլյուցիա,- նշել է նախագահը: -Այսինքն, մենք ապրելու ենք մշտական սրընթաց էվոլյուցիայի ժամանակաշրջանում, որտեղ քվանատային հաշվողականությունն ամբողջությամբ փոխելու է մեր կյանքը: Վստահ եմ, որ մարդիկ, ովքեր ներկա են համաժողովին, այդ ամենը լավ են գիտակցում»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ պետք է գիտակցել, որ ապրում ենք մի աշխարհում, որն ամբողջությամբ տարբեր է անգամ 30 տարի առաջվա աշխարհից: «Մեր հաղորդակցման ձևը, այն փաստը, որ բոլորն իրենց ձեռքում ունեն մի սարք, որն իր մեջ պարունակում է լայնածավալ տեղեկատվություն, այն, որ մարդիկ կարողանում են իրենց գաղափարներն արտահայտել սոցիալական մեդիայում, մեր առողջապահական համակարգի կառավարման ձևն ամբողջությամբ փոխել են մեր մոլորակը,- ընդգծել է նա: -Մոլորակն այժմ դարձել է ավելի փոքր, բազմամարդ, շատ արագ: Մեզնից յուրաքանչյուրը երկու կյանք է վարում: Մենք ունենք մեր նյութական կյանքը, ինչպես նաև էլեկտրոնային կամ այլընտրանքային կյանքը, որն անդադար մեզ հետ է: Այդ կյանքը բացարձակ քվանտային է այն իմաստով, որ ընթանում է լույսի արագությամբ, թույլ է տալիս ստանալ լայնածավալ տեղեկատվություն: Այդ կյանքը նաև ազդեցություն է ունենում մեր նյութական կյանքի վրա»:

Պատասխանելով քաղաքականության վրա տեխնոլոգիական փոփոխությունների ազդեցության մասին հարցին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքականությունը ևս փոխվում է: «Երեսուն, հիսուն կամ հարյուր տարի առաջ դասական քաղաքականությունն իրականացվում էր խորհրդարանական, նախագահական կամ միապետական կառուցվածքով, միջազգային կառույցների միջոցով: Այսօր ամեն բան տարբեր է,- ասել է: -Դու քվեարկում ես ոչ թե 5 տարին մեկ, այլ օրական առնվազն 5 անգամ Facebook-ի միջոցով: Փոխվել է ժողովրդավարությունը: Վերջին 10-15 տարիների ընթացքում աշխարհում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները դարձել են շատ անկանխատեսելի ու անկայուն: Մենք պետք է հասկանանք, որ մուտք ենք գործում մարդկության համար բոլորովին այլ մի դարաշրջան, որն ունի մեկ ձևակերպում՝ քվանտային»:

Նախագահ Սարգսյանի կարծիքով՝ ապագայում մարդիկ որոշումները կայացնելու են արհեստական բանականության օգնությամբ: «Համեմատելու համար՝ ինչ կարող է տեղի ունենալ, ես մի օրինակ կբերեմ մեր կյանքի տարբեր ոլորտներից: Օրինակ, վերցնենք շախմատը: Այն փայլուն խաղ է: Հպարտ եմ ասել, որ Հայաստանում ամեն երեխա դպրոցում առաջին դասարանից շախմատ է սովորում, քանի որ դա ֆանտաստիկ գործիք է՝ զարգացնելու տրամաբանությունը, կենտրոնացվածությունը, մտածելու կարգապահությունը,- ասել է նախագահը՝ շարունակելով․ -Այսօր շախմատը դարձել է ֆանտաստիկ տաղանդ ունեցող անհատի ու համակարգչի կոմբինացիա: Այսօր ոչ ոք չի կարող աշխարհի չեմպիոն դառնալ, եթե չի մարզվում համակարգչի միջոցով: Այսինքն, այն դարձել է հիանալի օգնական, որը կարողանում է վերլուծել բոլոր հնարավոր քայլերը: Վաղը գերհզոր համակարգիչը, արհեստական բանականության միջոցով, կարող է օգնել շախմատիստներին ճիշտ քայլեր անել: Սակայն ամեն դեպքում շախմատիստներն անհատներն են լինելու, քանի որ շախմատը միայն ճիշտ քայլ անելու մասին չէ. բոլորովին այլ է, երբ տեսնում ես դիմացդ նստածին, նաև ունենում ես անհատականությունների, բնավորությունների, գիտելիքի, մշակույթների, գուցե նաև՝ բարոյականության մենամարտ: Այսինքն, որոշում կայացնողը լինելու է մարդը, սակայն նրան կարող է աջակցել արհեստական բանականությունը: Նույնը լինելու է նաև քաղաքականության մեջ: Որոշումները կայացնելու են մարդիկ, սակայն նրանց օգնելու է արհեստական բանականությունը»:

Նմանատիպ նյութեր