211652_close_icon
views-count1714 դիտում article-date 22:40 10-12-2021

«Նպատակը մեկն է. խմբում զբաղեցնել առաջին հորիզոնականը». Ֆուտզալի ազգային հավաքականի ֆուտբոլիստները` ԱԱ նախնական փուլի վիճակահանության մասին

Դեկտեմբերի 7-ին կայացավ ՖԻՖԱ ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության Եվրոպական գոտու նախնական փուլի վիճակահանությունը։
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց C խմբում, որտեղ կմրցի Կոսովոյի, Բուլղարիայի և Շոտլանդիայի հավաքականների հետ։

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Դավիթ Ասլանյանը, Վլադիմիր Սանոսյանը և Արթուր Մելքոնյանը վիճակահանությունից հետո ՀՖՖ պաշտոնականի կայքի հետ զրույցում կիսվել են իրենց տպավորություններով.

Դավիթ Ասլանյան

«Հետևել ենք վիճակահանությանը։ Կարծում եմ, որ այս փուլում բոլոր թիմերն էլ հավասար են։ Անկախ մրցակիցներից՝ մեր գլխավոր նպատակը բոլոր հանդիպումներում հաղթելը և խմբից դուրս գալն է։ Հուսով եմ, որ դա մեզ մոտ կստացվի։
Շատ կարևոր է, որ հանդիպումներին մոտենանք առանց վնասվածքների և լավ մարզավիճակում։ Նշվածս միայն մեզնից է կախված։ Եթե մենք մեր ուժերին հավատանք՝ մարզական բախտը նույնպես կլինի մեր կողմից։
Եթե ցանկանում ենք բարձր մակարդակի թիմ լինել, պետք է նույն ձև խաղանք և պայքարենք հաղթանակի համար բոլոր խաղերում, անկախ թե ում հետ կմրցենք՝ Շոտլանդիայի, թե Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի»։

Վլադիմիր Սանոսյան

«Արդեն ապաքինվում եմ ծանր վնասվածքից։ Հուսամ՝ խաղերին կմոտենամ առողջ և լավ մարզավիճակում, և լավագույնս կփորձեմ օգնել թիմին հասնել դրական արդյունքի։
Հավաքականում անդրանիկ հանդիպումս անցկացրել եմ հենց Բուլղարիայի դեմ։ Շատ լավ հիշողություններ ունեմ այդ հանդիպումից։ Կծանոթանանք նաև Շոտլանդիայի և Կոսովոյի ազգային հավաքականների հետ, և կանենք ամեն ինչ, որ հաղթենք բոլոր խաղերում։ Նպատակը մեկն է. Խմբում զբաղեցնել առաջին հորիզոնականը»։

Արթուր Մելքոնյան
«Ամռանը տեղափոխվեցի նոր ակումբ։ Մեկ տարի Բելառուսում անցկացնելուց հետո վերադարձա Ռուսաստանի Սուպերլիգա, ինչի համար շատ ուրախ եմ։ Այն աշխարհի ուժեղագույն լիգաներից է, և խաղերի բարձր մակարդակից միայն հաճույք եմ ստանում։
Վիճակահանության արդյունքները լավատեսություն են ներշնչում։ Թիմակիցներս վերջերս մրցել են Շոտլանդիայի և Բուլղարիայի հավաքականների հետ։ Ես այդ ժամանակ դեռ չէի միացել հավաքականին։ Եվրոպայի առաջնության հիմնական փուլից կուտակած դասերն ու փորձը մեզ շատ կօգնեն։ Մենք որպես թիմ արդեն աճ ենք գրանցել, և դրա շնորհիվ մենք հաղթանակներով կմեկնարկենք արդեն աշխարհի առաջնության նախնական փուլում»։

Նմանատիպ նյութեր