211652_close_icon
views-count1354 դիտում article-date 15:33 11-12-2021

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (ԿԽՄՖ) գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնը այցելեց Հայաստան

Դեկտեմբերի 9-10-ը  տարածարշրջանային աշխատանքային այցի շրջանակներում Հայաստան էր ժամանել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (ԿԽՄՖ) գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնը: Այս  մասին հայտնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունից:

Դեկտեմբերի 9-ին, ԿԽՄՖ գլխավոր քարտուղարն այցելեց Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գրասենյակ՝ քննարկելու համատեղ իրականացվող ծրագրերը և համագործակցության հետագա պլանները:

- Ուրախ եմ տեղում տեսնելու, թե ինչպես է Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իրականացնում իր մարդասիրական աջակցությունը, և թե ինչպես ենք միասին աշխատում՝ հասնելու ԿԽՄՖ-ի Նորացման օրակարգին: Ես շատ եմ հպարտանում Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորներով: Նրանք այնքան մեծ դիմակայունություն են ցուցաբերել ճգնաժամերի ընթացքում խոցելի համայնքներին աջակցելիս, - ասաց պարոն Չափագայնը:

ՀԿԽԸ գրասենյակում ԿԽՄՖ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանն իր կատարմամբ դիմավորեց «Փարոս» կամերային երգչախումբը: ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը ողջունեց հյուրերին՝ նվիրելով ՀԿԽԸ 100-ամյակին նվիրված հուշամեդալը և «Հարյուր տարվա մարդասիրություն» գիրքը:

Մեր համագործակցությունը ավելի քան 30 տարվա պատմություն ունի և սկսվել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո: Շնորհակալ ենք այս տարիների ընթացքում Միջազգային ֆեդերացիայի համագործակցության և աջակցության համար, որի շնորհիվ կարողացել ենք իրականացնել ամենատարբեր լայնածավալ ծրագրեր և աջակցել հազարավոր խոցելի մարդկանց, - նշեց ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը:

ԿԽՄՖ գլխավոր քարտուղարը և ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանն աշխատանքային քննարկումներ ունեցան՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության և ԿԽՄՖ համագործակցության և հետագա ծրագրերի վերաբերյալ: ՀԿԽԸ գլխավոր քարտուղարը ներկայացրեց գործունեության հիմնական ուղղությունները և հատկապես վերջին երկու տարիների մարտահրավերներն ու դրանք հաղթահարելու ուղղությամբ գործադրվող ջանքերը:   Բարձրաստիճան հյուրը բարձր գնահատեց Ազգային ընկերության կողմից իրականացվող ծրագրերի որակն ու արդյունավետությունը և վստահություն հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի:

Այցի ընթացքում ԿԽՄՖ գլխավոր քարտուղարը  Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) ղեկավարության հետ միասին  հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

ԿԽՄՖ ղեկավարը ներկա  գտնվեց Կառավարության մեծ դահլիճի նախասրահում ՀԿԽԸ կամավորական ներուժով իրականցվող գործունեության ցուցահանդեսին՝ ծանոթացավ կամավորական ծրագրերին և գործունեությանը:  ՀԿԽԸ և ԿԽՄՖ գլխավոր քարտուղարները միասին շնորհավորեցին կամավորներին՝ Կամավորների միջազգային օրվա կապակցությամբ:

Դեկտեմբերի 10-ին պարոն Ջագան Չափագայնը և ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը մեկնեցին Շիրակի մարզ, որտեղ այցելեցին ՀԿԽԸ Շիրակի մարզային մասնաճյուղ, ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն, մասնակցեցին Առաջին օգնության և փրկարարական աշխատանքների ցուցադրական վարժանքի, հանդիպեցին ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ է, առաջնորվում է Շարժման հիմնարար սկզբունքներով՝ Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորությունը, Եզակիություն և Համընդհանրություն:

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 101 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, Որոնում, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

Նմանատիպ նյութեր