211652_close_icon
views-count1217 դիտում article-date 10:56 17-12-2021

Ժողովրդավարությունը «հետաձգվում է»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների մի մասն ակնհայտորեն չի բավարարել իշխանությանը, որն այժմ լծված է այդ արդյունքների «շտկմանը»: Ավանդաբար նման «շտկման գործիքներ» են հանդիսանում իրավապահ մարմինները:

Վանաձորում առավել ձայներ հավաքած դաշինքի ղեկավարը, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է: Նույնատիպ գործիք է կիրառվել նաեւ Վարդենիսում: Իսկ Վեդիում եւ Թալինում ավագանի ընտրված ոչ իշխանամետ անդամների վրա ճնշում է գործադրվում, որպեսզի հանկարծ այդ համայնքներում մեծամասնություն չկազմեն ոչ-ՔՊ-ական ուժերը: Դրան կարելի է ավելացնել, որ Գորիսի համայնքապետը մնում է կալանքի տակ:

Օրակարգ է բերվել նաեւ Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը: Չնայած Հայկ Մարությանը քաղաքական ելույթներ չի ունենում եւ փորձում է մայրաքաղաքին օգտակար լինել (փոփոխական հաջողությամբ), Փաշինյանին, հավանաբար, մտահոգում է, որ Երեւանի քաղաքապետն ինչ-որ դասավորությունների դեպքում կարող է իրեն մրցակից դառնալ, եւ դրա դեմ կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում:

Շատ հնարավոր է, որ վարչապետը քաղաքապետ կնշանակի (եկեք ձեւ չանենք, որ այդ պաշտոնի համար «ընտրություններ» են լինելու) որեւէ ՔՊ-ականի, որը, թեեւ մայրաքաղաքով չի զբաղվի, բայց «կթռնի բոլոր նրանց դեմքին», ովքեր կհամարձակվեն առաջին դեմքին որեւէ թթու խոսք ասել:

«Վերջին երեք տարիների ընթացքում հայերը երկու անգամ նախընտրել են ժողովրդավարությունն ավտորիտարիզմից: Առաջինը տեղի է ունեցել 2018 թվականին՝ ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, և դրան հաջորդած ազատ ու արդար արտահերթ ընտրությունները», – ասել է Փաշինյանը «Հանուն ժողովրդավարության» համաժողովին ելույթ ունենալով: «Առաջին անգամվա» վերաբերյալ վարչապետի պնդումը մասամբ ճիշտ է. 2018 թվականին քաղաքացիների մեծամասնության մի մասը (անկախ նրանից, թե ինչպես է քվեարկել) հույս ուներ, որ ավտորիտար համակարգը կհաղթահարվի, եւ Հայաստանը քայլեր կկատարի ժողովրդավարության ուղղությամբ: Այդպիսի հույսեր ունեի նաեւ ես:

Երկրորդ անգամ՝ 2021 թվականի հունիսին, կառավարության կատարյալ ձախողումից եւ պատերազմում պարտվելուց հետո, ՔՊ-ին ձայն տված 54 % քաղաքացիների (հիշեցնեմ, որ 2018 թվականին 70,5% էր) մեծ մասի մոտիվացիայի մեջ բացարձակապես չկար դեպի ժողովրդավարություն գնալու ցանկությունը: Նրանք տվել են «պողպատե մանդատ»՝ «նախկիններին» ոչնչացնելու համար: Այսինքն՝ ուղղությունը ճիշտ հակառակն է՝ ավտորիտարիզմը խորացնելու եւ ամրապնդելու: Ինչը եւ արվում է:

Այնպես որ հիմա ժողովրդավարության եւ օրինականության «լայն պահանջարկ» չկա: Իսկ այդ պայմաններում ցանկացած, նույնիսկ հրեշտակներից կազմված կառավարությունը գործելու է կամայականություններ եւ ապօրինություններ՝ ճիշտ նույնպիսի, իսկ գուցե եւ շատ ավելի վատ, քան գործում էին նախորդ իշխանությունները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր