211652_close_icon
views-count12034 դիտում article-date 15:32 18-12-2021

«Ես ձեզ չեմ ստիպել նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի` էշի ճակատը». Սերժ Սարգսյան. News.am

Ես ձեզ չեմ ստիպել մասնակիցը դառնալ այս արկածախնդրությանը, հետո գնալ և նախրի միջից  պաչել ամենաբարձր զռացողի` էշի ճակատը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին, ՀՀԿ 17-րդ համագումարում ասել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է News.am-ը։

«Բացարձակ նպատակ չունեմ բոլոր խնդիրները, մեղքերն ու սխալները բարդելու ուրիշների վրա: Հասկանում եմ և քանիցս հրապարակավ, ի տարբերություն շատերի,  ընդունել եմ, որ մեր կառավարման տարիներին առկա էին բազմաթիվ սխալներ ու բացթողումներ: Որ բազում խնդիրներ դանդաղ էին լուծվում: Որ մեր հայրենակիցների սպասումները մեզնից ավելին էին: Որ երկրում կար անարդարության և կոռուպցիայի բարձր ընկալում: Որ բավարար կոշտություն չեմ ցուցաբերել իշխանության ներսում ծվարած և մեր անվան տակ ազդեցություն կամ հարստություն դիզողների նկատմամբ: Որ ժողովրդի հետ շփվելիս հաճախ մինչև վերջ բաց ու հասկանալի լեզվով չեմ խոսել: Որ թերագնահատել եմ զանգվածային ազդեցության ցանցային նոր տեխնոլոգիաների դերակատարությունը: Որ առավելապես կենտրոնանալով երկրի անվտանգության ու պաշտպանության հարցերի վրա` ներքին մի շարք խնդիրներ բավարար ուշադրության չեմ արժանացրել: Որ որոշ      դեպքերում, իսկ դրանք քիչ չէին, վստահել եմ մարդկանց, ովքեր դրան արժանի չէին: Եվ որպես հետևանք՝ գերագնահատել եմ պետական համակարգի կառավարելիության աստիճանը:


Այս շարքը ոմանք կարող են շարունակել՝ ինձ և մեզ վերագրելով տարաբնույթ չգործած կամ գործած սխալներ: Երևի հեշտ է ապրել, երբ քո գործած սխալների և առկա խնդիրների մեջ կարող ես մեղադրել բոլորին, բացի քեզնից: Չէ՞ որ, երբ, ըստ քեզ, ամեն ինչում «Սերժն է մեղավոր», ապա անվերջ կարող ես թմրեցնել սեփական խիղճդ և խուսափել ապագայի հանդեպ քո բաժին պատասխանատվությունից:

Ես ընդունել եմ և պատրաստ եմ էլի ընդունել սեփական սխալները: Եվ այստեղ ուզում եմ դիմել որոշակի շրջանակների. ձեր սխալն ինձ մի վերագրեք, խնդրում եմ: Ես ձեզ չեմ ստիպել մասնակիցը դառնալ այս արկածախնդրությանը, հետո գնալ և նախրի միջից  պաչել ամենաբարձր զռացողի` էշի ճակատը: Եվ այնուհետև առասպելներ հորինել, թե իբր ես պայմանավորված եմ իշխանությունը հանձնել սրան, իբր համագործակցում եմ սրա հետ և այլ անհեթեթություններ:

Ես      հիմա խնդրում և հորդորում եմ բոլորիդ՝ դադարեցնել հանդիմանել այսպես կոչված հեղափոխության մասնակիցներին: Չէ՞ որ նրանց մեջ եղել են բազմաթիվ բարի մղումներով մարդիկ, ովքեր հավատացել են, որ այդպես ավելի լավ երկիր կունենանք: Հայրենիքի համար այս ծանր օրերին մենք պարտավոր ենք ամեն ինչ անել միասնականության վերականգնման համար»,- ասել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր