211652_close_icon
views-count14261 դիտում article-date 19:17 23-12-2021

Հետո նրանք նահանջել էին անտառներ, այնտեղ նրանց վրա դիվերսիոն խմբեր էին հարձակվել․ զինվորի մայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, oragir.news

44-օրյա պատերազմից 70 օր անց կռվի միջով անցած և կյանքի ճանապարհը գտած վեց ընկերները այսօր էլ շարունակում են սերտ կապերի մեջ մնալ իրար հետ։ Վեց ընկերները գտնվեցին անցած տարի դեկտեմբերի 20-ին։ Նրանք 70 օր շարունակ անհետ կորած էին համարվում։

Ողջ մնացածների խմբի մեջ էր նաև Դավիթը, ով ընդամենը 8 օրվա ծառայող էր, երբ կռիվը սկսվեց։ 2020 թվականին Դավիթը ծառայության էր անցել Ջրականում։

Oragir.news-ի հետ զրույցում Դավիթի մայրը պատմեց, որ պատերազմի սկսվելուց հետո 2 օր որդուց լուր չեն ունեցել։ Միայն 3-րդ օրն է զանգել ու հայտնել, որ բարձրացել են դիրքեր։ Այս փաստը շատ է զարմացրել նրանց, քանի որ Դավիթը, լինելով ընդամենը 8 օրվա ծառայող, չէր կարողանում կրակել ոչ մի զենքով, և կռվի դաշտում իր գտնվելը այդքան էլ արդյունավետ չէր։

«Այդ զանգից հետո ևս մի քանի օր զանգ չստացա տղայիցս, շատ անհանգիստ էի, չգիտեի՝ ինչ անել։ Հետո զանգեց ասաց, որ շատ զոհեր ունենք, վիճակը ծանր է, ջուր ու սնունդ չունեն։ Միակ լավ բանն այն էր, որ երեխաներին միացել էին կամավորականներ։ Առաջին անգամ, երբ խոսեցի տղայիս հետ, հասկացա, որ լրիվ անօգնական են, իսկ երկրորդ անգամ խոսելիս հասկացա, որ մի քիչ ավելի ուրախ էր, որ իրենց հետ փորձառու մարդիկ կան»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Դավիթի մայրը։

«Դրանից հետո երկար ժամանակ Դավիթս չզանգեց, լուր չունեինք։ Մենք նրան փնտրում էինք Ջրականում, հետո պարզվեց՝ մնալով առանց սպայական կազմի, նահանջել էին Հադրութ։ Սկզբում նրանց տեղափոխել էին ինչ-որ սար՝ բարձունքը պահելու, որի ընթացքում Դավիթիս ծառայակից ընկերների մեծ մասը՝ մոտ 100 հոգի, զոհվել են։ Այս ամենից հետո նրանք փախել էին անտառներ, այնտեղ նրանց վրա դիվերսիոն խմբեր են հարձակվել։ Մի մասն այդտեղ զոհվել է, մի մասն էլ վիրավորվել է։ Վիրավորները արնաքամ լինելով, մահացել էին։ Այդ կռվում ուսից վիրավորում էր ստացել նաև Դավիթս, բայց ծառայակից ընկերները փայտով անշարժացրել էին նրա ձեռքը։ Տղաներից մեկը՝ Արթուր Ալեքսանյանը, ով բժշկական օգնություն էր ցուցաբերել տղայիս, մինչ օրս անհետ կորած է համարվում»,- հավելեց զրուցակիցս։

Խումբը սկզբից 21 հոգանոց է եղել, բայց հետո ինչ-որ անհամաձայնություն է եղել նրանց միջև, բաժանվել են խմբերի և գնացել տարբեր ուղություններով։ Հետո նրանք հասկացել են, որ թշնամու գրաված տարածքում են հայտնվել և թաքնվել են Վանք գյուղի (այդ գյուղից թշնամին մեծ թվով գերիներ է տարել, քանի որ այդ գյուղի նկուղներում վիրավոր զինվորները շատ են եղել) տներից մեկի նկուղում։ Այդ գյուղում նրանք տարբեր տներ են տեղափոխվել, նկուղներից պահածոներ են գտել, դրանով սնվել։ Տներից մեկում գտել են տան տիրոջ սեփականության վկայականը, ում հետ հետագայում Դավիթի ընտանիքը կապ է հաստատել։ Նրանք շատ էին ուրախացել, որ տղաներն օգտվել էին իրենց պահածոներից։

«Մինչև հիմա էլ կապը պահում ենք, շատ լավ մարդիկ են»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Դավիթի մայրը։

Դավիթը վիրավոր թևով մնացել է հոկտեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 20-ը։

«Մենք կորցրել էինք քուն ու հանգիստը, դուռ չէր մնացել, որ չծեծենք, բայց ապարդյուն։ Ոչ ոք չկարողացավ ասել, թե որտեղ են երեխաները։ Միակ պատասխանը, որ ստանում էինք այն էր, որ կապ չկա, չգիտենք՝ ուր են նրանք։ Իսկ մյուս 21 հոգանոց խմբից (նրանք, որ առանձնացել էին Դավիթենցս խմբից) 6 հոգուն գտել են մեր տղաների գտնվելուց 7 օր հետո՝ դեկտեմբերի 27-ին` սպանված, խոշտանգված վիճակում։ Այսինքն` նրանք էլ էին թաքնվել, բայց նրանց չի հաջողվել փրկվել՝ թշնամին գտել է նրանց»- նշեց տիկին Ալինան։

Դավիթենց 6 հոգանոց խումբը ցանկացել է գնալ Իրան, քանի որ տներում թաքնված լինելով՝ հասկացել են, որ Հադրութը արդեն մերը չէ։ Բարձրացել են լեռները, որպեսզի բարձրությունից հասկանան, թե որտեղ են գտնվում, ցանկություն են ունեցել հասնել Իրան և հանձնվել սահմանապահներին՝ ասելով որ զբոսաշրջիկներ են, կորցրել են ճանապարհը։ Այդ ժամանակ լեռներն արդեն ձյունածածկ են եղել։ Տղաների ոտքերն այդտեղ ցրտահարվել են, ինչն էլ հետագայում նրանց ոտնաթաթերը ամպուտացնելու պատճառ դարձավ։

«Տղաներից Կոլյայի վիճակը եղել է ամենածանրը։ Նրա ոտքերը կտրված են մինչև ծնկները։ Նա ընթացքում ջրի առուն է ընկել, այդ պատճառով նրա խնդիրը լրջացել է։ Արթուրի և Արսենի ոտքի մի քանի մատներն են հեռացված, իսկ Ռուսլանի, Արմանի և Դավիթի ոտնաթաթերի մի մասն են կտրել»,- ասեց տիկին Ալինան։

Նրանց խմբին չի հաջողվել հասնել Իրան։ Նրանք ճանապարհին մոլորվել են և շարժվել դեպի Հայաստան։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր