211652_close_icon
views-count1204 դիտում article-date 11:12 31-12-2021

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ

Սիրելի´ հայրենակիցներ
Ավարտին է մոտենում հետպատերազմյան՝ ցավով ու տառապանքով ողողված, բայց միևնույն ժամանակ պետականաշինության վերակերտման առաջին տարին:

Անցնող տարին եղել է պատերազմական արհավիրքները փոքրիշատե շտկելու և Արցախին պատուհասած բարոյահոգեբանական աննկարագրելի ցնցումները մեղմացնելու ժամանակաշրջան։

Տարեմուտի նախաշեմին ընդունված է հետադարձ հայացքով արժևորել կատարվածը։ Եթե ամփոփելու լինենք 2021թվականը, ապա  պետք է արձանագրենք, որ այն նշանավորվել է որպես փխրուն խաղաղության ու ստեղծագործ աշխատանքի տարի: Նշանակալի աշխատանք է կատարվել՝ փոքր- ինչ թեթևացնելու  պատերազմի զրկանքներն իրենց ուսերին կրած մեր համերկրացիների հոգսը:

Արցախն այսօր ամբողջությամբ շինհարթակի է վերածվել։ Մեզ հաջողվել է  տանիքով  ապահովել անտուն մնացած մեր հայրենակիցների մի մասին, օրակարգում է մյուս մասին բնարականներով  ապահովելու խնդիրը։ Խնդիր, որ մեր երկրի իշխանությունների ամենօրյա հոգածության և  ուշադրության կենտրոնում է: Մեկամյա  բարդ ու դժվարին այս ընթացքում  իրականացվել են մի շարք սոցիալական ծրագրեր և միջոցառումներ, որոնց նպատակն էր արժանապատիվ առօրյա և կենսամակարդակ ապահովել մեր ժողովրդի համար: Այս ուղղությամբ ևս աշխատանքները շարունակական են լինելու:

Թանկագի´ն բարեկամներ Մեր բազմադարյա պատմության մեջ պայքարել և դիմակայել ենք բազում փորձությունների։ Այսօր էլ  կանգնած ենք աշխարհաքաղաքական ծանրագույն մարտահրավերների առջև: Ներկայումս կարևորում եմ նոր իրավիճակի ու առկա մարտահրավերները հաղթահարելու ջանքերի մեկտեղումը, համայն հայության կարողությունները ազգային  պետական շահերին նպատակամիտված համակենտրոնացումը, ինչի  հանդեպ տրամադրված եմ լավատեսորեն։

Մեր ժողովուրդը մեկ անգամ չէ, որ առասպելական փյունիկի պես հառնել է մոխիրներից, ավելին՝ առաջադիմել համակողմանիորեն և իր ծանրակշիռ ներդրումը բերել մարդկային քաղաքակրթության առաջընթացի շնորհակալ գործին: Եվ այո´, պատմությունը կրկնվում է հաճախ, և ես վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, որ մեր սերունդները երախտագիտությամբ են արձանագրելու, որ իրենց նախորդները՝ մեր ու ձեր սերունդը, չի ընկրկել։ Պատվախնդրությամբ  ու արժանապատվությամբ է  նրանցից յուրաքանչյուրն իր  բաժին խրամատում կատարել իր աշխատանքը: 2021թվականը Արցախի Հանրապետության համար հոբելյանական էր։ Խորհրդարանը հատուկ նիստով նշանավորել  է Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակը։

Դեկտեմբերի 10-ին  Անկախության հանրաքվեի 30-ամյակի, մարդու հիմնարար իրավունքների և Սահմանադրության օրվա առիթով  հրապարակվել են Ազգային ժողովի նախագահի  ուղերձը և խմբակցությունների  հայտարարությունը։ Այդ ամենի եզրահանգումը մեկն էր՝ Արցախի լիակատար ազատության, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պայքարը դեռ շարունակելի է։ Մեր ընտրած ճանապարհն այսօր էլ անշրջելի է, քանի որ այն արդար է և սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ: Մենք պարտավոր ենք օր  օրի ամրապնդել մեր պետականությունը, զարգացնել տնտեսությունը, բարելավել մարդկանց կենսապայմանները։ 2022թ․ ակնկալիքներն ավելին են. մեզ սպասում են բազում  խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է համախմբել բոլորիս ուժերը, որպեսզի միասնական ջանքերով իրականացնենք այն ծրագրերը, որոնք կնպաստեն  մեր Հայրենիքին վիճակված խնդիրների լուծմանը։ Շնորհավորելով ամանորյա և սուրբծննդյան տոների առիթով՝ բոլորիս բարեկեցություն, բարօրություն, անխախտ խաղաղություն և անկոտրում ոգի եմ մաղթում։ ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր