211652_close_icon
views-count1531 դիտում article-date 16:18 12-01-2022

Անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակում ծնվել է 76 երեխա

ՀՀ առողջապահության նախարարության «Անպտղության հաղթահարման ծրագիրը» 2021 թվականին լավ արդյունքներ է գրանցել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը նշեց, որ տարին բավական բարենպաստ էր:

«2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ծրագրի շրջանակում ծնվել է 76 երեխա, արձանագրվել է 211 հղիություն: Այս արդյունքը կապված է այն հանգամանքի հետ, որ շեշտակի ավելացվել է ամբողջ ծրագրի ֆինանսավորումը: Ծրագրի մեկնարկին՝ 2020 թվականի դեկտեմբերին, ֆինանսավորումը կազմել է շուրջ 300 մլն դրամ, իսկ 2021 թվականին արդեն կատարվել է շուրջ 500 մլն դրամի աշխատանք»,- ասաց Նունե Փաշայանը՝ ընդգծելով, որ 2022-ին ֆինանսավորումը նույն չափը կպահպանվի, սակայն շահառուների թվի ավելացմանը զուգահեռ կառավարությունը պատրաստակամ է կրկին ավելացնել գումարը:

Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է եղել հենց սկզբից: Քանի որ շատերն են հետաքրքրված եղել և ցանկություն հայտնել օգտվելու, պետությունը որոշեց ավելացնել ֆինանսավորումը: Ծրագրի շրջանակում արդեն իսկ սպասարկվել է 857 շահառու:

 Անպտղության հաղթահարման ծրագիրն իր մեջ ներառում է մի քանի բաղադրիչ՝ անպտղության պատճառագիտության որոշում և բուժում, արհեստական սերմնավորում և արհեստական բեղմնավորում: Ծրագրից կարող են օգտվել զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, ընտանեկան նպաստի համակարգից օգտվող անձինք, որոնք ունեն 28 և ավելի միավոր, հաշմանդամություն ունեցող անձինք, եթե հաշմանդամությունը կնոջ մոտ չի հանդիսանում հակացուցում հղիության համար: Շահառու կարող են լինել սահմանամերձ համայնքների բնակիչնեըը, որոնց շրջանակը ընթացքում ընդլայնվում է: Շահառուներ են հանդիսանում 44-օրյա պատերազմում զոհված, պատերազմի հետ պատճառական կապով մահացած զինվորների, կամավորների, ինչպես նաև խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Վերջիններս կարող են ծրագրից օգտվել մինչև 42 տարին լրանալը:

Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանի խոսքով՝ Հայաստանում պտղաբերության ցուցանիշը շարունակում է ցածր մնալ, այն կազմում է 1.6, իսկ պարզ վերարտադրողականության համար անհրաժեշտ է առնվազն 2.1 ցուցանիշ:

«Պտղաբեր կանայք պետք է փորձեն 3-րդ, 4-դ երեխան ունենալ, որպեսզի անպտղության ցուցանիշը փոխվի: Այսօր մենք ունենք այնպիսի ցուցանիշ, որ ընտանիքի պարզ վերարտադրողականությունը չի ապահովվում: Հայաստանում մեկ ընտանիքում նվազագույնը երեք երեխա պետք է ծնվի»,- ասաց Էդուարդ Համբարձումյանը:

Մասնագետը կարևոր համարեց «Անպտղության հաղթահարման ծրագրի» իրականացումը և նշեց, որ ցանկալի կլիներ բոլոր խմբի շահառուների համար տարիքային շեմը 35-ից բարձրացվեր: Ըստ նրա՝ կարելի է մինչև 38 տարեկան կանանց հնարավորություն տալ ընդգրկվել այս ծրագրում:

Նմանատիպ նյութեր