211652_close_icon
views-count26028 դիտում article-date 07:29 14-01-2022

Քեզ բացակա չենք դնի․ այսօր` հունվարի 14-ին ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի ծննդյան օրն է

Այսօր` հունվարի 14-ին ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի ծննդյան օրն է։

Կլրանա Ամենահրամանատարի 45 ամյակը։

Այսօր, ժամը 13:00-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրքի արարողությունը կլինի ՀՀ Ազգային հերոս` Վահագն Ասատրյանի ծննդյան օրվա առթիվ։

ՀՀ Ազգային հերոս`Վահագն Ասատրյանը մասնակցել է 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմին։ Իր հրամանատարությամբ գործող ստորաբաժանումը աննկարագրելի մարտական գործողությունների է մասնակցել։

Պատերազմի սկսվելու առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, նա իր ղեկավարած ստորաբաժանման հետ միասին մեկնել էր Սյունիքի մարզ, որտեղից նույն օրը տեղափոխվել Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան։

Հոկտեմբերի առաջին օրերին Վահագն Ասատրյանի մշակած ռազմագործողությամբ ու հրամանատարությամբ իր ստորաբաժանումը կարողացավ վերագրավել Շահումյանի շրջանի «Շղթաներ» դիրքը՝ տալով մեկ զոհ Խաչատուրյան Խաչատուրին։

Վահագն Ասատրյանի կարգադրությամբ այդ դիրքը կոչվեց զոհված Խաչատրյանի պատվին։

Վահագն Ասատրյանն իր ղեկավարած ստորաբաժանման հետ Շահումյանի շրջանից տեղափոխվեց Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ջրականի հատված։

Ընթացող մարտական գործողությունների ժամանակ նա իր ստորաբաժանման հետ ընկավ շրջափակման մեջ։

Նրա հրամանատարությամբ իր ստորաբաժանումը մարտեր վարելով կարողացավ ճեղքել և դուրս գալ շրջափակումից։ Այդ ռազմագործողությունների ընթացքում նրա ստորաբաժանումը տվեց մեկ զոհ՝ Հենզելը։

Ըստ ականատեսների՝ շրջափակման մեջ գտնվելու ժամանակ իրադրությունն այնպիսին էր, որ ոչ ոք ողջ մնալու հավանականություն չուներ:

Ըստ նրա օգնական Արթուր Մուսաելյանի հայտնած տեղեկությունների՝ Հադրութի շրջանում (Ջրական, Հադրութ) ընթացող մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ամբողջ ռազմաճակատով փնտրել են Վահագն Ասատրյանին։

Ռադիոհետախուզական տվյալների համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին հրահանգված էր Վահագն Ասատրյանին հայտնաբերելու դեպքում անմիջապես Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ կայանքի հարվածով ոչնչացնել։

Իր ղեկավարած հատուկ նշանակության ստորաբաժանման հետ կատաղի մարտեր է մղել Հադրութ քաղաքում և մերձակայքում։

Զոհվել է Հադրութ քաղաքի պաշտպանության ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված հրթիռի հարվածից։

2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ «հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար Վահագն Ասատրյանը հետմահու արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման։

Նմանատիպ նյութեր