211652_close_icon
views-count2854 դիտում article-date 11:01 14-01-2022

Ուղերձների հասցեատերը Հայաստանը չի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին սպառնալիքներ է հնչեցրել. «Ադրբեջանը ուշի ուշով հետեւում է Հայաստանում բանակաշինությանը՝ թե՛ իրենց, թե՛ գործընկերների ուժով։ Ես բաց ասել եմ՝ եթե մենք նույնիսկ նվազագույն սպառնալիք տեսնենք մեր անվտանգությանը, այդ վտանգն անմիջապես կոչնչացվի»: Պարզ է, որ «գործընկերներ» ասելով, նա նկատի ունի Ռուսաստանը:

Ալիեւը նաեւ «ուղիղ տեքստով» է իր դժգոհությունը հայտնել այդ պետությունից՝ նշելով, որ Արցախում գտնվող ռուս խաղաղապահները թույլ են տալիս մարդկանց (մասնավորապես, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի) «ապօրինի մուտքը» Ղարաբաղ՝ խաղաղապահների պատասխանատվության գոտի:

Անդրադառնալով ղարաբաղյան հարցին՝ Ալիեւը պնդել է, թե Բաքուն կշարունակի «խափանել դրանով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը… Ես տեղյակ չեմ՝ ինչով է զբաղվում Մինսկի խումբը… Նրանք իրենք պետք է իրենց օրակարգը ձևավորեն: Ես կարող եմ ասել՝ նրանք ինչով չպետք է զբաղվեն։ Նրանք չպետք է զբաղվեն ղարաբաղյան խնդրով, քանի որ այն լուծված է։ Մենք նրանց փոխարեն այն լուծել ենք»։

Մի խոսքով, «խաղաղության դարաշրջան»՝ իր ողջ գեղեցկությամբ:

Ալիեւի, ինչպես եւ ցանկացած քաղաքական գործչի, ասածները պետք է ընկալել վերապահումներով. այս պարագայում անհրաժեշտ է սթափ գնահատել, թե ինչ է ասվել ներքին լսարանի, ինչը Ռուսաստանի եւ Մինսկի խմբի համանախագահների, իսկ ինչը՝ Հայաստանի համար: Բայց իմ տպավորությամբ, Ալիեւը Հայաստանին առանձնապես բան չունի ասելու, որովհետեւ մեր երկրի ղեկավարությունը բացարձակապես չի հակադրվում իր ծրագրերին:

Հիշեցնեմ, որ դեկտեմբերի 24-ի իր հարցազրույցին հետեւած իր «պարզաբանման» մեջ վարչապետ Փաշինյանը նշել է. «Այս եւ մի քանի այլ կարեւոր բանակցային խնդիրներ հաշվի առնելով եմ ԱԺ ամբիոնից պնդել, որ 2018 թվականին իմ վարչապետ դառնալուց առաջ առկա բանակցային բովանդակությամբ եւ իրողություններով Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու թե տեսական, թե գործնական հնարավորությունները»: Այս համատեքստում էական է ոչ թե այն, որ վարչապետն իր վրայից պատասխանատվությունը գցում է եւ ամբողջությամբ դնում է «նախկինների» վրա (դա, իհարկե, կարեւոր է ներքին քաղաքական պայքարի տեսանկյունից), այլ բուն արձանագրումը՝ ըստ նրա՝ Արցախը չի կարող չլինել Ադրբեջանի կազմում:

Եթե այդպես է. ապա ի՞նչ խնդիր ունի Ալիեւը Հայաստանի հետ: Եթե մեր պետության ղեկավարը պատրաստ է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս, պատրաստ է սահմանազատման ու սահմանագծման ադրբեջանական պայմաններին, պատրաստ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ճանապարհ կառուցել Սյունիքի մարզով, ապա կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի նախագահի ուղերձների հիմնական հասցեատերը Ռուսաստանն է եւ, մասամբ, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները: Իսկ թե ո՞րն է այդ ուղերձների իմաստը, առանձին խոսակցության առարկա է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր