Կարսի և այլ շրջանների բնակչությունը հնարավոր է օգտվի Գյումրիի, Երևանի բժշկական ծառայություններից, մենք էլ իրենց, հրեաներն էլ են ցեղասպանվել, բայց հիմա հաշտ ապրում են Գերմանիայում. Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Tert.am-ը գրում է. Մամուլից եմ իմացել, որ Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հանդիպումը կառուցողական մթնոլորտում է անցել, այլ տեղեկություն այդ մասով չունեմ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը։
Վերջինս, անդրադառնալով օրերս առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, այն քաղաքական հայտարարություն համարեց։
«Ցանկացած փորձ ունեցող մարդու մտքերը պետք է հետևության առիթ դառնան և՛ իշխանության, և՛ ցանկացած անձի համար»,-ասաց նա։
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ Սուքիասյանը նշեց. «Ռիսկեր ցանկացած գործողության մեջ կա։ Այն հայերը, ովքեր ծնվել են Թուրքիայում և ապրում են այնտեղ տասնյակ սերունդներով, տնտեսապես իրենց շատ լավ են զգում։ Բացի դա, մեր սահմանից 200 կմ այն կողմ, Կարսի և այլ տարածքների բնակչության մեծ մասը շատ ծառայություններից օգտվելու է ՀՀ տարածքից։ Դրա համար ես մեսիջ եմ ուղարկել մեր բժշկական ծառայություններին, որ ամենալավ սարքավորումները ձեռք բերեն, որոնք աշխատում են արհեստական ինտելեկտով, քանի որ հնարավոր է այդտեղի բնակիչները, կապ չունի ազգությամբ թուրք են կամ այլ ազգի ներկայացուցիչ, կարող են օգտվել Գյումրիի կամ Երևանի բժշկական ծառայություններից, մենք էլ օգտվելու ենք այն ծառայություններից, որոնք իրենց մոտ են զարգացած, սա իմ գնահատականն է։
Անգլիացիներն էլ ֆրանսիացիներին են սպանել, ֆրանսիացիները անգլիացիներին, գերմանացիները նրանց, հրեաների Ցեղասպանություն էլ եղել, բայց նրանք նույնպես Գերմանիայում հաշտ ապրում են։ Ես ուզում եմ այնպես լինի, որ մեր սերունդները ունենան հզոր երկիր, բարեկեցիկ կյանք, տարածաշրջանում պետք է գիտակից լինենք, հարգենք մեր հարևանների իրավունքները, նրանք էլ մերը։ Վերջերս ես հանգել եմ մի կարծիքի. այն գործընթացները, հայտարարությունները և իրողությունները, որոնք կարող են լինել տարածաշրջանում և միջազգային հարթակներում, շատ ժամանակ մեզանից կախված չեն լինում։ Այն ձգտող երկրները, որոնք ուզում են Թուրան կամ այլ միավորումներ կառուցեն, նրանցից ավելի ուժեղ այլ երկրներ կարող են այլ գործիքներ օգտագործեն և ձախողեն այդ ցանկությունները։ Դրա համար պետք է խելացի լինենք, ամեն ինչի մեջ չգնանք մասնակցենք, դա մեր գործը չէ, մեր գործը մեր հարևանների հետ հարաբերությունները հստակեցնել է»։
Հարցին` հնարավոր է Ադրբեջանի տարվող քաղաքականության պայմաններում խաղաղության դարաշրջան բացել, Սուքիասյանը պատասխանեց. «Կարծում եմ հնարավոր է մեր հարևան Ադրբեջանի հետ ունենանք հարևանական հարաբերություններ։ Աշխարհի շատ երկրներ, որոնք հարևաններ են, մեկը մյուսի համախառն ներքին արդյունքի մեջ բավականին մեծ ծավալ են ունենում։ Եթե ստացվի այնպես, որ մեր հարևանների հետ ունենանք համախառն ներքին արդյունքի բարձր տոկոս, դրանք լավ գործիքներ կլինեն հարաբերությունները լավացնելու համար, մենք այդ թշնամությունը չենք փոխանցելու մեր զավակներին և սերունդներին։ Երբ փոխհրաձգություն է լինում, նրանց մոտ նույնպես զոհեր են լինում, պետք է քաղաքակիրթ լինենք, իհարկե, սահմանին լինելու են դեպքեր, բայց ունենք, այնինչ ունենք»։
Ինչ վերաբերում է հարաբերությունների կարգավորման համատեքստում Արցախի հարցի լուծմանը, Սուքիասյանը նշեց, որ այն տեսնում է ինքնորոշման սկզբունքի հիման վրա։ Սուքիասյանն այն համեմատեց Կիպրոսի տարբերակի հետ։
«Կա Հյուսիսային Կիպրոս, որտեղ թուրքալեզու բնակիչներն են և կան հույներ, այդտեղ կարմիր գիծը գծած է։ Կարծում եմ միջազգային հանրությունը նույնպես ձգտում է դրան, որ նույն տարածքում, նույն գյուղում հայերը և ադրբեջանցիները իրար հետ չապրեն, որը հեշտացնում է ապագա լուծումները»,-ասաց նա։
Այն հարցին` իր հիմնած ավիաընկերությունը իրականացնելո՞ւ է Երևան-Ստամբուլ ավիաչվերթներ, պատգամավորը պատասխանեց.
«Դա իմ հիմնած ավիաընկերությունը չէ, բայց իմ ընտանիքից մարդիկ կան, որոնք բաժնետեր են։ Դուք շատ լավ գիտեք, որ Երևան-Ստամբուլ չվերթներ են լինելու։ Երբ արգելվել է թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան, դրանք այլ երկրների միջոցով են բերվել, որը հավելյալ ծախսեր էր բերում, այդ ինքնաթիռները աշխատելու են Երևանից Ստամբուլ և հակառակ ուղղությամբ, ինչպես եղել է նախկինում, ոչ մի նորություն չկա, ուղղակի ավելի ցածր գներ են լինելու»,-նշեց նա։