211652_close_icon
views-count2288 դիտում article-date 17:47 20-01-2022

Չավուշօղլուն Միրզոյանին հրավիրել է Անթալիա. ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է. Sputnik Արմենիա

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստացել և շարունակում է ստանալ այս տարվա ընթացքում տարատեսակ միջոցառումների հրավերներ, այդ թվում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանը հրավիրված է Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

«ՀՀ ԱԳ նախարարությունը համապատասխան ընթացակարգով քննարկում է նախարարի՝ վերոնշյալ միջոցառումներին մասնակցության նպատակահարմարությունը։ Հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի կայացվելիք որոշումների մասին»,- նշեց Հունանյանը։

Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայի համալսարանում դիվանագետների հետ հանդիպմանն ասել է, որ մարտի 11-13-ն անցկացվելու է Անթալիայի դիվանագիտական 2-րդ ֆորումը, որին մասնակցելու հրավեր են ուղարկել բազմաթիվ երկրներ, հրավիրվածների ցանկում են նաև Հայաստանը, Հունաստանը, Կիպրոսն ու Իսրայելը։ Նրա խոսքով` արդեն 39 երկրի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը։

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։

Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Նմանատիպ նյութեր