211652_close_icon
views-count1975 դիտում article-date 21:19 20-01-2022

Ճապոնիայի կառավարությունը հայ ժողովրդի կողքին է և կշարունակի օժանդակել Հայաստանի առաջընթացի և երկարաժամկետ զարգացման հասնելուն ուղղված բոլոր քայլերին. Ճապոնիայի դեսպան

Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը իր երախտագիտությունն է հայտնում Ճապոնիայի ժողովրդի մեծահոգաբար տրամադրած 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով դրամական աջակցության համար, որի շնորհիվ ՄԱԿ ՓԳՀ-ն կարողացավ ժամանակին ու խիստ անհրաժեշտ օգնություն տրամադրել հակամարտության հետևանքով տուժած ընտանիքներին, այդ թվում՝ կանանց, երեխաներին, տարեցներին ու հատուկ կարիքներ ունեցող անձանց։

Այս մասին ասվում է ՀՀ-ում ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

«2022 թվականի հունվարի 19-ին ՄԱԿ ՓԳՀ-ն ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությանն իր շնորհակալությունը հայտնելու և մարդասիրական օգնության ազդեցությունը ցույց տալու կապակցությամբ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում միջոցառում էր կազմակերպել։ Այն տեղի ունեցավ Աշտարակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության վերջերս վերանորոգված ու վերազինված կենտրոնում, որը ծառայում է որպես մանկավարժահոգեբանական աջակցության վայր ու կացարան հակամարտության հետևանքով տեղահանված անձանց համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման և այլ պաշտոնյաներ: Այն ուղեկցվել է ՄԱԿ ՓԳՀ գործընկեր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի կողմից կարողությունների ձևավորման ու համայնքային աջակցության միջոցառումների դիտարկումներով, Կենտրոնի բնակիչների, մանկավարժների ու հոգեբանների հետ զրույցներով:

«Ինձ համար, ի դեմս Ճապոնիայի կառավարության, մեծ պատիվ է մասնակցել այսօրվա փակման արարողությանը։ Անցած տարվա օգոստոսից ի վեր այցելել եմ մի շարք վայրեր, որտեղ ՄԱԿ ՓԳՀ-ն հիմնավոր գործունեություն է ծավալում, և նշանակալի արդյունքներ եմ արձանագրել: Մենք խորապես համոզված ենք, որ թե՛ անապահով մարդիկ, թե՛ հյուրընկալող համայնքները կհաղթահարեն բոլոր դժվարությունները։ Ցանկանում եմ նաև ընդգծել, որ Ճապոնիայի կառավարությունը հայ ժողովրդի կողքին է և կշարունակի օժանդակել Հայաստանի առաջընթացի և երկարաժամկետ զարգացման հասնելուն ուղղված բոլոր քայլերին»,- նշել է պարոն Ֆուկուշիման:

Ճապոնիայի ֆինանսական աջակցությամբ ՄԱԿ ՓԳՀ-ն հակամարտությունից տուժած ընտանիքներին կարողացել է համայնքային աջակցության և կարողությունների ձեւավորման նպատակով օժանդակություն տրամադրել, վերանորոգել և տեխնիկական սարքավորումներ ու կահույք տրամադրել 30 կրթադաստիարակչական կենտրոնների / ժամանակավոր կացարանների, հինգ մարզերում համայնքային խաղադաշտեր և մարզադաշտեր կառուցել, դրամական օգնություն տրամադրել կենտրոնի բնակիչներին՝ հոգալու իրենց կենսական կարիքները, ինչպես նաև մասնակի փոխհատուցել վարձակալությամբ բնակվողների վարձավճարները։

Նշվում է, որ Ճապոնիայի կողմից տրամադրված ֆինանսավորումը նպաստել է նաև ՄԱԿ-ի ՓԳՀ-ի կողմից պաշտպանությանն ուղղված կարևոր գործողությունների իրականացմանը Հայաստանում, այդ թվում կարիքների բացահայտում եւ գնահատում, իրավական խորհրդատվության և սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում, կենսապահովման և ինքնաբավության բարելավման միջոցառումների, ինչպես նաև կանանց ու երեխաների դիմակայունության ամրապնդման ծրագրերի իրականացում, համերգների, կրթական և մշակութային միջոցառումների կազմակերպում։

«ՄԱԿ-ի ՓԳՀ-ն խորին շնորհակալություն է հայտնում Ճապոնիայի ժողովրդին և կառավարությանը տեղահանված ընտանիքներին սիրահոժար ցուցաբերած աջակցության համար»,- ասել է ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննա Կարին Օստը միջոցառման ժամանակ։

«Ճապոնիայի օժանդակությունը ՄԱԿ ՓԳՀ-ին հնարավորություն է տվել աջակցելու Հայաստանում ապաստանած շուրջ 32,000 անձի, ժամանակին և կենսական անհրաժեշտության օգնություն հասցնելով ընտանիքներին ու նրանց սրտաբացորեն հյուրընկալած համայնքներին»։

Նմանատիպ նյութեր