211652_close_icon
views-count7231 դիտում article-date 19:08 20-01-2022

Սատանան մանրուքների մեջ է՝ ինչպե՞ս, ի՞նչ եղանակով, ինչի՞ գնով․ Ղազինյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

 Հայաստանը երբեք դեմ չի եղել և մեծ հաշվով պետք էլ չէր դեմ լիներ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն սատանան մանրուքների մեջ է՝ ինչպես, ինչ եղանակով, ինչի գնով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Ղազինյանը հիշեցրեց, որ դեռևս 1998 թվականին Հայոց ցեղասպանությունը ընդգրկվեց Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններում և պետության կողմից դրվեց արտաքին քաղաքական կարևոր պահանջ՝ հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման։

«Այդ օրակարգը ստացավ համազգային կոնսենսուս։ Այն նպաստեց աշխարհասփյուռ հայության և հայկական աշխարհի կոնսոլիդացիայի տարբեր աշխարհամասերում, տարբեր երկրներում և այդ կոնսոլիդացիան հանգեցրեց նրան, որ  Հայոց ցեղասպանության 90-ամյակի արդեն իսկ նշմարվում էին լուրջ վտանգներ Թուրքիայի համար, որ կարող է հայկական աշխարհի արդյունավետ աշխատելու դեպքում ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթաց տեղի ունենալ։ Դա կանխելու համար 2005 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ գրեց Հայաստանին։ Նպատակը նամակի մեկն էր՝ կանխել այդ գործընթացը, արգելափակել այն, ասելով, որ Հայաստանի ջանքերը հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խոչընդոտում են Հայաստանի և Թուրքիայի երկխոսությանը։ Ինչպես տեսնում եք, դա տեղի չունեցավ  և այդ երկխոսությունը կանգնեց պատասխան նամակի (ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նամակ է հղել Թուրքիայի նախագահին- խմբ) արդյունքում»,- ասաց Ղազինյանը։

Պատգամավորի խոսքով՝ հետագայում տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ փորձեցին նորից այդ երկխոսությունը վերականգնել։

« Եվ այդ նպատակով եղել է Շվեյցարիայում,ԱՄՆ-ում և Եվրոպայի Միության երկրներում առաջարկություններ հարաբերությունների կարգավորման հարցով»,- հավելեց Ղազինյանը։

Պատգամավորը ընդգծեց՝ նորմալ չէ, որ 21-րդ դարում շուրջ 30 տարի Հայաստանի և Թուրքիայի սահմանները փակ են, երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ, և դա պետք է լուծում ստանա։ Սակայն, ըստ Ղազինյանի, այն վերաբերմունքը և այն ազդակները, որ Հայաստանը ստանում է Ադրբեջանից, բնավ չեն խոսում այն մասին, որ Թուրքիայում տենչում են տեսնել ուժեղ հայկական պետականություն, երազում են տեսնել բարգավաճող հայ ազգ և ուժեղ հայկական ինքնություն։

«Դա դարերով եկել է, կարծես թե, համոզվել ենք, բազմաթիվ առիթներ ենք ունեցել համոզվելու»,- ավելացրեց Ղազինյանը։

Ղազինյանը նշեց, որ, իհարկե, պետք է հարաբերությունները կարգավորել, բայց ամեն դեպքում գոյաբանական վտանգը կախված է հայ ժողովրդի գլխին։

« Ուզում եմ հիշեցնել, որ նրանց բոլոր ռազմավարական ծրագրերում Հայաստանի Հանրապետություն, հայկական պետականություն որպես այդպիսին իրենց հարևանությամբ չկա։ Իրենք ապրիորի տրամադրված են, որ չպետք է լինի Հայաստան։ Եկեք հասկանանք, որ բոլոր գործողությունները, որ կփորձեն անել Հայաստանի հետ, ի վերջո, դա է լինելու։ Մեր խնդիրը պետք է լինի, իհարկե, անընդհատ պատրաստ լինել դրան»,- եզրափակեց Ղազինյանը։

Նմանատիպ նյութեր