211652_close_icon
views-count1628 դիտում article-date 21:47 26-01-2022

Դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Հռենոս-Վեստֆալիա այցի շրջանակներում հանդիպել է Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության անդամների հետ

Գերմանիայի Դաշնությունում ՀՀ նորանշանակ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի Հռենոս-Վեստֆալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հունվարի 23-ին հանդիպում է տեղի ունեցել Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) վարչության անդամների ու ՀՀ դեսպանի միջև։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գերմանահայ համայնքի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

Արծածվել են նաև ԳԿԽ ու դեսպանության միջև համագործակցության հեռանկարները, ձեռք են բերվել պայմանավորվածություններ համատեղ ծրագրերի շարունակման, նոր ծրագրերի մշակման և իրականացման վերաբերյալ։

ՀՀ դեսպանն իր մտահոգությունն է հայտնել Գերմանիայում համայնքային կյանքի որոշակի պասիվացման կապակցությամբ և դեսպանատան աջակցությունն է առաջարկել համայնքային կառույցների արդիականացման ու զարգացման գործում։

ԳԿԽ վարչության կողմից առաջարկ է կատարվել սփյուռքի կառույցների գործակցության համազգային ծրագիր մշակելու ու ներդնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ու տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհքաղաքական զարգացումներին։

Ընդունելով ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերություննրի կարգավորման գործընթացի անհրաժեշտությունը՝ ԳԿԽ վարչության անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման չեղարկման ու արգելափակման վտանգների շուրջ և նշել, որ բանակցային գործընթացում այս հարցը պետք է դիտվի որպես «կարմիր գիծ»։

Ելնելով այն փաստից, որ Հայոց ցեղասպանությունը իր բնույթով համահայկական խնդիր է և ցեղասպանությունը վերապրած հայորդիների իրավահաջորդների մեծամասնությունն այսօր բնակվում է սփյուռքում՝ կոչ է արվել բանակցային գործընթացի՝ այս խնդրին առնչվող քննարկումներում ներառել սփյուռքի կարևոր կառույցներն ու հաստատությունները։ Շեշտվել է, որ հակառակ դեպքում կարող են խոր անջրպետներ ստեղծվել սփյուռքի ու ՀՀ իշխանության միջև, ինչն անշուշտ չի բխում ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ էլ հայոց սփյուռքի շահերից։

ԳԿԽ Վարչութիւն

Նմանատիպ նյութեր