211652_close_icon
views-count278906 դիտում article-date 16:48 28-01-2022

Քրեական աշխարհում մեծ հեղինակություն վայելող Արմեն Ղազարյանը, նույն ինքը՝ «Պզոն», ոչ մի առնչություն չունի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 3 անձի մասով քննչական կոմիտեում ավարտված քրեական գործին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին օրերին SHAMSHYAN.com-ը  բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում ընթերցողներից,  ովքեր ուզում են հասկանալ օրեր առաջ էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղադրված տեսանյութի և լուրի,  քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 3 անձի մասով Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված նախաքննության մասին:

ՀՀ քննչական կոմիտեն դեպքի վերաբերյալ ծավալուն հաղորդագրություն էր տարածել, որից տեղեկանում ենք, որ խոսքը  «Ժիրո Շահումյանսկի», «Կիլիկիացի Հարութիկ» և «Պզե» մականվամբ քրեական հեղինակությունների մասին է:
 
Բազմաթիվ ընթերցողների մոտ նշված  հաղորդագրությունը կարդալուց հետո  տպավորություն է ստեղծվել, որ խոսքը քրեական աշխարհում մեծ հեղինակություն վայելող, օրենքով գող «Պզո» մականվամբ  Արմեն Ղազարյանի մասին է, մինչդեռ նշված դեպքի հետ Ա. Ղազարյանը ընդհանրապես առնչություն չունի և չի ունեցել:

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև.

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու,  ղեկավարելու, ինչպես նաև հիշյալ խմբավորմանը մասնակցելու և ներգրավելու դեպքերի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի անձը 2020թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2021թ. հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող  «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ հայտնի անձին հանձնարարել է նույն քրեակատարողական հիմնարկում պահվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ այլ անձի իր անունից հրահանգել՝ «Կյաժ» մականունով անձի սպանության համար ծեծի ենթարկելու միջոցով «պատժել» նշված քրեակատարողական հիմնարկի տեղամասերից մեկի կալանավորին, սակայն վերոնշյալ անձը հրաժարվել է կատարել հիշյալ հանձնարարությունը:
 

Այնուհետև, «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի անձի հանձնարարությամբ՝ «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ անձը նշված հանձնարարության կատարմանը ներգրավել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ այլ անձի, ով երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող «Պզե» մականվամբ անձի թեկնածությունը: Վերջինս, կրելով քրեական ենթամշակույթ ունեցող խմբավորման վարքագծի կանոնները, ժամանակավորապես ստանձնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի երրորդ մասնաշենքում այսպես կոչված՝ «զոն նայողի» գործառույթները և 20 օրվա ընթացքում երեք անգամ ծխախոտի, ուտելիքի տեսքով դրսից բերված հանձնուքներ է բաժանել նշված մասնաշենքում պահվող կալանավորված և դատապարտված անձանց, ինչպես նաև 2021թ. հունվարի 18-ին և 24-ին վերջիններիս հանձնարարել է իրականացնել անկարգություններ՝ դրանով իսկ փաստացի իր անդամակցությունն ունենալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը:
 

Բացի այդ, քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող՝ ՀՀ կառավարության նախաձեռնած օրինագծի ընդունմանը խոչընդոտելու և իրենց անհամաձայնությունն ի ցույց դնելու համար, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ հայտնի անձը, ունենալով հրահանգ, 2019թ. սեպտեմբերի 5-ին զանգվածային անկարգություններ է կազմակերպել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որի ընթացքում 3-րդ և 4-րդ մասնաշենքերի խցերում պահվող կալանավորված անձինք և դատապարտյալները, հայհոյելով և վիրավորանքներ հնչեցնելով իրավապահ մարմինների ծառայողների հասցեին, ոտքերով և տարբեր առարկաներով հարվածել են խցերի դռներին և կերակրադռնակներին, կոտրել դրանք, այրել քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքի չոր խոտածածկի մի մասը, չեն ենթարկվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների՝ զանգվածային անկարգությունները դադարեցնելու վերաբերյալ օրինական պահանջներին և անհնազանդություն են դրսևորել:
 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ հայտնի անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, իսկ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մյուս անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 3-րդ  մասի  1-ին և 5-րդ կետերով:
 

Նշված երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր